Ռուսական նավթի արտահանումը Հնդկաստան և Չինաստան կրճատվում է
Ծովային ճանապարհով դեպի Ասիա Ռուսական նավթի մատակարարումները կրճատվել են։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը։ Ըստ պարբերականի, չնայած հուլիսի առաջին օրերին մատակարարումների աճ է գրանցվել, ընդհանուր հաշվով ռուսական նավթի մատակարարումների ծավալը կրճատվել է։ Նվազումը տեղի է ունենում, չնայած այն բանին, որ վերջին շրջանում Սևծովյան երթուղիները սկսել են ակտիվ օգտագործվել, ինչը նվազեցնում է ճանապարհը դեպի հնդկական նավահանգիստներ։
Պարբերականի տեղեկությունների համաձայն ռուսական նավթի դեպի Չինաստան և Հնդկաստան մատակարարումների միջին ծավալը շաբաթվա ընթացքում նվազել է 15%-ով։
Իսկ օրական մատակարարումների ցուցանիշը վերադարձել է ապրիլ ամսվա մակարդակին՝ 3,67 մլն բարել։ Պարբերականը նշում է, որ այս վիճակը շարունակվում է G7-ի ռուսական նավթի արտահանման պատժամիջոցներ սահմանելու քննարկումների ֆոնին։ Ըստ պարբերականի, դեռ պարզ չէ, թե ինչպես են գործելու սահմանափակումները և ինչպես կարձագանքեն դրան Ռուսաստանի իշխանությունները։