Սեդա Սաֆարյանը Նիկոլական Սահմանադրական դատարանի խորհրդանիշն է. Ռուբեն Մելիքյան
Մենք սահմանադրականության շատ լուրջ ճգնաժամի մեջ ենք, անկեղծ ասած, շնորհավորելու բան չեմ տեսնում այսօրվա կապակցությամբ, ընդամենը կարող ենք հույս հայտնել, որ կունենանք վերականգնված սահմանադրականություն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Սահմանադրության օրը, «Դիմադրության շարժման» ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
«Կարծում եմ՝ այս ձգվող ճգնաժամը նաեւ մտորելու տեղիք է տալիս, թե արդյոք այն համակարգը, որ մինչեւ 2018 թվականը գործել էր, որքան էր ամուր: Գուցե խնդիրը նաեւ այն է, որ մենք մեր հիմնական օրենքի հիմնական դրույթները մշակելիս, մեր ուսանողներին բացատրելիս չենք մտածում, որ դրանք լինեն մեր արմատների հետ համահունչ, մենք, այո, հիմա ունենք Սահմանադրության ես կասեի՝ բացակայություն:
Խնդիրներից մեկն էլ այն է, որ մեր իրավական մշակույթը այդպես էլ չկարողացավ կամուրջ դառնալ մեր հարուստ ավանդույթի. «Մենք իրավական արժեքների հարուստ ավանդույթ ունեցող քիչ ժողովուրդներից ենք, բայց այսօր որևէ կապ, բացի լեզվական կապից այն մարդկանց հետ, որոնք 12-րդ, 13-րդ դարերում գործել են՝ Մխիթար Գոշ, Սմբատ Սպարապետ, ավելի ուշ Շահամիր Շահամիրյան և այլն, այդ մարդկանց հետ կապը շատ արհեստական է դարձել։ Գուցե սահմանադրականության վերականգնման ճանապարհն այն է, որ փորձ արվի այդ կապը վերականգնել»։
Ռուբեն Մելիքյանի խոսքով, սահմանադրականության վերականգնման ճանապարհները երկարաժամկետ ու կարճաժամկետ հարթություններում են. երկարաժամկետ հարթությունը՝ ինքնաճանաչողականությունն ու կրթությունը, կարճաժամկետը՝ քաղաքական։
Ինչ վերաբերում է ՍԴ դատավորի թեկնածու Սեդա Սաֆարյանին, նա ընդամենը մեկ բան ասաց. «Սեդա Սաֆարյանը նիկոլական Սահմանադրական դատարանի խորհրդանիշն է»։