Հնդկաստանում գյուղի բնակիչները կնոջը հրկիզել են՝ նրա հողին տիրանալու համար
Հնդկաստանի գյուղերից մեկի բնակիչները մեղադրվում են կնոջը հանուն գյուղատնտեսական հողերի հրկիզելու մեջ, հայտնում է Times of India-ն։
Դեպքից մի քանի օր առաջ տուժողն ու նրա ամուսինը գնացել են ոստիկանություն եւ պատմել, որ վախենում են իրենց կյանքի համար։ Նրանք պնդել են, որ գյուղի ազդեցիկ բնակիչներն ուզում են տիրանալ իրենց հողերին։ Սակայն իրավապահ մարմինների աշխատակիցները չեն արձագանքել։
Արդյունքում 38-ամյա կինն այժմ հիվանդանոցում է, նրա մարմնի 80 տոկոս այրվածքներ են ախտորոշել։ Նա բժիշկներին պատմել է, որ երեք գյուղացիներ հարձակվել են իր վրա, դիզվառելիք լցրել ու հրկիզել։ Տուժողը նույնիսկ նշել է հանցագործների անունները։
Սակայն նրանք իրենց հերթին փորձել են ոստիկաններին համոզել, որ կինը ցանկացել է իրեն զոհաբերել։ Նրանք նշել են, որ որոշել են տեսանկարահանել, թե ինչպես է նա այրվում։
Կնոջ ամուսինն ասել է, որ դեպքի օրը տեսել է, թե ինչպես են ամբաստանյալները տրակտորով հեռանում դեպքի վայրից։ Նա նաեւ ծուխ է նկատել եւ շուտով գտել է կնոջը։
Ոստիկանությունից հայտնել են, որ նշված երեք գյուղացիները նախկինում արդեն ոտնձգություն են կատարել ամուսիններին պատկանող հողատարածքների նկատմամբ։ Սակայն վճիռները կայացվել են հօգուտ զույգի, ուստի հարձակումը մրցակիցներից ազատվելու եւ հողը յուրացնելու միջոց են համարել։