Ռուսաստանը չեղարկել է ցամաքային սահմանի հատման բոլոր սահմանափակումները
Հուլիսի 15-ից Ռուսաստանում հանվում են ցամաքային սահմանի հատման բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին 2020 թվականին կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Օպերատիվ շտաբի հայտարարությանը։
«Տեղի ունեցած քննարկումից հետո օպերատիվ շտաբը որոշում է կայացրել 2022 թվականի հուլիսի 15-ից չեղարկել Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը հատելու համաճարակային հետևանքով առաջացած ժամանակավոր սահմանափակումները»,- նշել են Օպերատիվ շտաբից։
Ավելի վաղ՝ հուլիսին, Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հրամանագիր էր ստորագրել, որով վերացվում են կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով սահմանված սահմանափակումները։ Գերատեսչությունում նշել են, որ որոշումը պայմանավորված է Ռուսաստանում և աշխարհում համաճարակի ինտենսիվության շարունակական նվազմամբ։