Թուրքիան և Իսրայելը բանակցություններ են սկսում իսրայելական ընկերությունների թռիչքների վերաբերյալ
Cumhuriyet թերթի տեղեկացմամբ՝ Թուրքիան եւ Իսրայելը մտադիր են բանակցություններ սկսել քաղաքացիական ավիացիայի ոլորտի վերաբերյալ. 15 տարվա մեջ առաջին անգամ կվերսկսվեն իսրայելական ավիաընկերությունների ուղիղ թռիչքները երկրների միջեւ։
«Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ սկսված կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների միջեւ բանակցությունները քաղաքացիական ավիացիայի ոլորտի վերաբերյալ վերականգնվում են։ Օրակարգի առաջին կետերից մեկը նոր համաձայնագրի ստորագրումն է երկու երկրների միջեւ քաղաքացիական ավիացիայի գործունեության վերականգնման վերաբերյալ։ Այս համատեքստում Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ բանակցությունները կվերսկսվեն այսօր սպասվող հանդիպումից։
Քաղաքացիական ավիացիայի մասին նոր համաձայնագիրն ուղղված է երկու երկրների միջեւ կանոնավոր չվերթների քանակի եւ հաճախակիության ավելացմանը, այն դեպքում, երբ բանակցությունների օրակարգի առավել կարեւոր կետը լինելու են անվտանգության կանոնները, որոնք պահանջվում են իսրայելական ավիաընկերություններից՝ իրենց ավիաչվերթները Թուրքիա վերսկսելու համար»,- նշել է պարբերականը։