ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի դատավոր Սերգեյ Չիչոյանը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:
Այսօր ԲԴԽ-ն երեք նախագահ կամ պաշտոնակատար է ունեցել: Երբ Գագիկ Ջհանգիրյանը մեկնել է արձակուրդ, իր պարտականությունների կատարումը դրել է խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանի վրա: Ջհանգիրյանն, ինչպես հայտնի է՝ արձակուրդից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել:
Դեռ առավոտյան ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը եղել է Խաչատուրյանը: Այսօր խորհրդում տեղի է ունեցել քվեարկություն՝ նախագահի ընտրության համար, սակայն նախագահ չի ընտրվել:
«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընտրվում է անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Եթե քվեարկության արդյունքով որևէ թեկնածու չի ստացել ձայների կեսից ավելին, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չի լինում որոշել առավել ձայներ ստացած երկու թեկնածուներին, նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին:
Տվյալ դեպքում նախագահի պաշտոնի ընտրությունը եղել է ԲԴԽ գիտնական անդամներ Վիգեն Քոչարյանի, Գրիգոր Բեքմեզյանի և Դավիթ Խաչատուրյանի միջև: Առաջին և երկրորդ փուլերով թեկնածուներից որևէ մեկը չի հավաքել բավարար թվով ձայն, ուստի ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը օրենքի ուժով դրվել է Ստեփան Միքայելյանի վրա, ով, ԲԴԽ խոսնակի փոխանցմամբ, ԲԴԽ անդամներից տարիքով ավագն է, ինչպես նաև՝ առավել երկար փորձառություն ունեցողը: Միքայելյանը, սակայն, հրաժարվել է պարտականությունները կատարելուց, ուստի դրանք դրվել են Սերգեյ Չիչոյանի վրա:
Նշենք, որ այսօր ԲԴԽ մեկ այլ անդամ՝ Լիպարիտ Մելիքջանյանը, հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից, նրա լիազորությունները դադարել են: Այս պահին, փաստորեն, խորհրդում երեք թափուր հաստիք կա՝ երկու գիտնական անդամի և մեկ դատավոր անդամի: Հուլիսի 27-ին Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրված, որի օրակարգում ԲԴԽ դատավոր անդամի ընտրության հարցն է, իսկ խորհրդի գիտնական անդամներին ընտրում է Ազգային ժողովը:
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է իրավական հանրության ուշադրությունը ԲԴԽ-ում տեղի ունեցող իրադարձությունների վրա է:
ԲԴԽ՝ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է մի ձայնագրություն, որում Գագիկ Ջհանգիրյանը նրան հորդորում է հրաժարվել ԲԴԽ նախագահի պաշտոնից: Նշենք, որ Վարդազարյանը չի հրաժարվել այդ պաշտոնից, բայց նրա նկատմամբ հետագայում քրեական հետապնդում է սկսվել, և լիազորությունները կասեցվել են, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար է նշանակվել Գագիկ Ջհանգիրյանը:
Այս ձայնագրության հրապարակումից հետո Ջհանգիրյանը մեկնել է արձակուրդ, իսկ օրեր անց ԲԴԽ-ն հայտարարել է, որ Ջհանգիրյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել: