Պեսկովը տեղյակ չէ Թուրքիայում ռուսական դրոշով նավի կալանավորման մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չգիտի Թուրքիայում ռուսական դրոշի ներքո նավարկող նավի կալանավորման մասին։
«Մենք Կրեմլում այդպիսի տեղեկություն չունենք, իմաստ ունի հարցնել տրանսպորտի կամ արտաքին գործերի նախարարությանը»,- ասել է նա ճեպազրույցում։
Պեսկովը հավելել է, որ կալանավորման դեպքում թուրքական կողմը տվյալներ պետք է տրամադրի ՌԴ դեսպանությանը կամ գլխավոր հյուպատոսությանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայում կալանավորվել է ռուսական բեռնատար նավ, որն իբր ուկրաինական հացահատիկ է տեղափոխելիս եղել։ Հաղորդվել է, որ Ուկրաինան թուրքական կողմին խնդրել է ձերբակալել 4500 տոննա ուկրաինական հացահատիկ տեղափոխող բեռնատար նավը, որն իբր դուրս է բերվել Ռուսաստանի կողմից օկուպացված Բերդյանսկ նավահանգստից։
Միաժամանակ, Թուրքիայում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարել է, որ պաշտոնատար անձինք չեն տեղեկացրել ռուսական բեռնատար նավի կալանավորման մասին։
Ուկրաինական հացահատիկ տեղափոխող ռուսական բեռնատար նավի վերաբերյալ որոշում չի կայացվել, այն դեռ կանգնած է թուրքական նավահանգստի մուտքի մոտ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով թուրքական մաքսատան աղբյուրին։
Հարցին, թե հուլիսի 4-ին բեռնատար նավի ապագայի հետ կապված որեւէ ժողով սպասվո՞ւմ է, աղբյուրը պատասխանել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ։ «Ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել»,- նշել է նա։