Հրաժարական եմ ներկայացրել հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գեւորգյան
ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը հրաժարական է ներկայացրել հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Նրա տարածած հայտարարության մեջ ասվում է.
«2021 թվականից հանդիսանալով ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ աշխատանքին, ներդրել եմ իմ փորձն ու գիտելիքը, մշտապես փորձել եմ հանձնաժողովում ապահովել արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։ Դա արել եմ` հատկապես կարևորելով եվրասիական զարգացման` մեր պետության հեռանկարը:
Քաղաքական իրադարձությունները երկրում, սակայն, բերեցին մի կետի, որ ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք ես չեմ կարող անտեսել, և որոնք ինձ թույլ չեն տալիս շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ։ Նման որոշումները նաև լավագույն առիթ կարող են հանդիսանալ` վերաիմաստավորելու և գնահատելու ձեռք բերած քաղաքական փորձը և նոր գիտելիքները, խթան կարող են դառնալ նաև իմ անձնական ապագայի տեսլականի ձևավորման համար, ինչպես դա եղավ 2014 և 2018 թվականներին` բարձր պետական պաշտոններից հեռանալուց հետո:
Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքը և ստանձնած պարտավորությունների իրականացումը բոլոր այն միջազգային հարթակներում և կառույցներում, որոնք կարևոր են մեր պետության համար»:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր ՔՊ-ի նախաձեռնությամբ իրենց պաշտոններից հեռացվեցին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ու Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը: