Ընդդիմության ներկայացուցիչներին մեղադրանքներ են առաջադրում ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար. Սևակ Նազարյան
Այս իշխանությունների գործունեության մեջ կարմիր թելով գնում է պետության համար կարեւոր նշանակություն ունեցող խնդիրներին զուգահեռ կեղծ օրակարգեր ստեղծելը եւ դրա շնորհիվ իրենց ընտրազանգվածի մնացորդներին բավարարելը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Դիմադրության» շարժման անդամ, ՀՅԴ-ական Սևակ Նազարյանը։
Նրա խոսքով, այս իշխանության նպատակն է բնազդային մակարդակում գոհ եւ ուրախ պահել մեր այն հայրենակիցներին, որոնք ատելությունից կուրացած չեն ուզում խոստովանել ու տեսնել, որ այս իշխանությունների գործունեությունը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն. «Այսօր էլ փորձ է կատարվում Բերձորի, Աղավնոյի հանձնման պրոցեսին զուգընթաց ԱԺ-ում կեղծ օրակարգ բերել և ընդդիմադիր պատգամավորներին, որոնք ընդդիմությանը բաժին հասնող խորհրդարանական պաշտոններ են զբաղեցնում, փորձեն հեռացնել այդ պաշտոններից՝ դրանով իսկ հրճվանք մատուցելով իրենց կուսակցությանը և այն մարդկանց, որոնք ապրում են նայելով միայն, թե այս իշխանությունն ընդդիմադիրներին ինչ ճնշումների է փորձում ենթարկել։
Այս ամենի մեջ զավեշտն այն է, որ ընդդիմության ներկայացուցիչներին մեղադրանքներ են առաջադրում ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար»,- հայտարարեց Նազարյանը։
Նա նշեց, որ այն 270 հազար քաղաքացիները, որոնք ընդդիմության ձայն են տվել այս իշխանությանը հեռացնելու համար, իրենք կարող են գնատական տալ՝ այս ընդդիմությունը բավարարում է իրենց, թե ոչ, հակառակ պարագայում այս իշխանությանը և իրենց հետևող մեր հայրենակիցներն իրավունք չունեն ընդդիմության գործունեությանը գնահատականներ տալ։
Սեւակ Նազարյանը հիշեցրեց, որ ընդդիմությունն Արցախի, հայ-թուրքական, Շուշիի հռչակագրի հարցով արտահերթ նիստեր էր հրավիրել, սակայն իշխող խմբակցությունը չէր մասնակցել. «Հիմա երկիրն այս վիճակում են, իսկ այդ մարդիկ որոշել են, որ ամենակարևոր օրակարգն ընդդիմադիրներին պաշտոններից հանելն է։ Ձեզ լինի այդ պաշտոնները, իսկ մենք մեր հայրենիքի տերն ենք, ոչ թե այդ պաշտոնների»,- ասաց Ս. Նազարյանը։
«Մեր երկրի օրակարգը հայկական Բերձոր քաղաքի ու հարակից գյուղերի ճակատագիրն է, որովհետև այդ ճանապարհից է նաև կախված Հայաստանի ու հայության ճակատագիրը։ Որպես խորհրդանիշ հայկական Բերձորի նկարները թողնում ենք խորհրդարանի մոտ՝ ևս մեկանգամ արձանագրելով, որ սա Հայաստանի և հայության այսօրվա առաջնային օրակարգն է»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է գումարել, օրակարգում են Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ և Վահե Հակոբյանին՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին հարցերը: