ԱԺ արտահերթ նստաշրջանը. Օրակարգում Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու հարցերն են
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան է գումարել «Քաղաքացիական» պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ:
Օրակարգում Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու եւ Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծերն են:
Իշխան Սաղաթելյանին վերաբերող ԱԺ որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Իշխան Սաղաթելյանը այս տարվա հունվարի 17-ից մինչեւ հունիսի 29-ը ներառյալ, այսինքն կիսամյակի նիստերի թվով 342 քվեարկություններից ունեցել է թվով 198 բացակա: ԱԺ խորհուրդը ձեւավորման պահից գումարել է թվով 25 նիստ, Իշխան Սաղաթելյանը ներկա է եղել միայն 7-ին: Այսպիսով նա չի կատարել իր անմիջական պարտականությունները:
ԱԺ նախագահն ու իր տեղակալները կոչված են ապահովելու ԱԺ բնականոն գործունեությունը, համերաշխություն ապահովելու ինչպես ԱԺ-ի, այնպես էլ հանրության շրջանում: Այնինչ պարոն Սաղաթելյանը ոչ միայն չի կատարել համերաշխության ապահովմանն ուղղված իր առաքելությունը, այլ նաեւ հրահրել է բախումներ, օգտագործել ատելության խոսք, վիրավորել հանրությանբ տարբեր ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների: Մասնավորապես, հունիսի 3-ին Իշխան Սաղաթելյանի դրդմամբ երթի մասնակիցները փորձել են ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվողն ոստիկանական շղթան: Հիմնավորման մեջ ներկայացված են նաեւ «Դիմադրության» շարժման բողոքի գործողությունների այլ դրվագներ եւս:
Ինչ վերաբերում է Վահե Հակոբյանին, ապա ՔՊ-ի ներկայացրած հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է. «Վահե Հակոբյանը ԱԺ առաջին օրացուցային կիսամյակի ընդհանուր 342 քվեարկություններից չի մասնակցել 194-ին: ԱԺ խորհրդի 25 նիստերից բացակայել է 20 անգամ:
ԱԺ-ն 8-րդ գումարման ընթացքում ընդունել է 253 օրենք, որոնցից 83-ի համար գլխադասային է եղել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Այդ հանձնաժողովը գումարել է թվով 27 հերթական ու արտահերթ նիստեր: Հանձնաժողովի նախագահը նիստերի նախապատրաստման, կազմակերպման աշխատանքներին չի մասնակցել, չի նախագահել թվով 11 նիստ, այնուհետեւ այդ նիստերի օրակարգերը եւ արձանագրությունները նախագահի կողմից չեն ստորագրվել: Հանձնաժողովի ընդունարանը պարբերաբար փակ է եղել, իսկ զանգերն անպատասխան: