«Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ». ֆիլմի և բացառիկ լուսանկարների ցուցադրություն՝ «Մոսկվա» կինոթատրոնում
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի, Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանների շրջանակներում հուլիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում կցուցադրվի «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը:
Այն պատմում է անվանի դերասանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին: Ցուցադրությունը նվիրված է նաև մեծանուն արտիստի ծննդյան օրվան: Ֆիլմի ցուցադրությունից առաջ կինոթատրոնի նախասրահում կներկայացվի անվանի դերասանի բացառիկ լուսանկարների ցուցահանդեսը:
Ֆ. Մկրտչյանը նկարահանվել է ԽՍՀՄ-ի և Հնդկաստանի համատեղ արտադրության «Ալի Բաբան և 40 ավազակները», «Սիրո լեգենդ» ֆիլմերում՝ մարմնավորելով Մուսթաֆայի և Բարմանդուի կերպարները։
Վավերագրական ֆիլմը ստեղծվել է «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության ու «Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատի» հիմնադիրներ Ռանանջայ Անանդի և Դավիթ Բեժիտաշվիլիի համատեղ ջանքերով, ռեժիսորն է Օթար Միքելաձեն: Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան օրվա առիթով և նրա մասին պատմող ֆիլմի ցուցադրմամբ նշանավորվում է բարեկամ երկրների՝ Վրաստանի և Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Այն կարևոր նշանակություն ունի մեր մշակութային կյանքում՝ ամրապնդելու և շարունակական դարձնելու մեր երկրների միջև եղած մշակութային սերտ համագործակցությունը, հանրությանը ներկայացնելու և արժևորելու հանճարեղ դերասանի՝ Ֆրունզիկ Մկրտչյանի (Մհեր Մկրտչյան) ստեղծագործական կյանքը: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Վրաստանից ներկայացուցիչներ՝ Դավիթ Բեժիտաշվիլիի գլխավորությամբ, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության, Վրաստանի հյուպատոսության, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի, ՀՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչներ և արվեստագետներ: