Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունը կստորագրվի հուլիսի 5-ին
Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը կստորագրվի հուլիսի 5-ին՝ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Դա ՆԱՏՕ-ին նոր անդամների միանալու գործընթացի փուլերից մեկն է։ Արձանագրության վավերացումից հետո հրավիրված երկիրը դառնում է դաշինքի անդամ։
«ՆԱՏՕ-ն պատրաստ է սկանդինավյան երկու երկրների՝ դաշինքին միանալու հետևանքներին, նաև ընդգծում ենք Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական բախումը կանխելու անհրաժեշտությունը, սակայն պատրաստ ենք պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը»,- հավատացրել է Ստոլտենբերգը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ Հելսինկիի և Ստոկհոլմի հետ ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության վերաբերյալ հուշագրի ստորագրումը դիվանագիտական հաղթանակ է անվանել, գոհունակությամբ նշել, որ փաստաթղթում հաշվի են առնվել Թուրքիայի մտահոգությունները։ Նրա խոսքով՝ Շվեդիան խոստացել է Թուրքիային արտահանձնել Անկարայի կողմից ահաբեկիչ ճանաչված 73 անձի։