Գողություններ չկողպած դռներով մեքենաներից. բացահայտում
Հունիսի 2-ին ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախույզները ստացան տեղեկություն, որ անցած գիշերներին գողություններ են արել Ջերմուկի փողոցներում կայանված մեքենաներից: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվեց պարզել նաև, թե ով է կատարողը: Վերականգնվեց հունիսի 1-ի և 2-ի գիշերները քաղաքում տեղի ունեցածի ողջ պատկերը, և առաջին հետևությունն այն էր, որ Ջերմուկում ավտոտերերը մեծ մասամբ չեն կողպում մեքենայի դռները:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնի դարձավ, որ Ջերմուկ քաղաքի Ձախափնյակի փողոցի 43-ամյաբնակիչը, օգտվելով դուռը կողպած չլինելու հանգամանքից, երկու գիշերվա ընթացքում տարբեր մակնիշի շուրջ յոթ ավտոմեքենայից գողություն ու գողության փորձ էր արել՝ հափշտակելով տարբեր իրեր, փող։
Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները քննությամբ պարզվում են:
Ոչ միայն Ջերմուկի, այլև մյուս բնակավայրերի ավտոտերերին ոստիկանությունը հորդորում է հատկապես գիշերը կողպել մեքենայի դռները: