Ռուսաստանը հայտարարել է ուկրաինական Զմեինի կղզուց զորքերը դուրս բերելու մասին
Ռուսաստանը զորքերը դուրս է բերել ուկրաինական Զմեինի կղզուց, տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
«Դրանով իսկ համաշխարհային հանրությանը ցույց է տրվել, որ Ռուսաստանի Դաշնությունը չի խոչընդոտում Ուկրաինայի տարածքից գյուղատնտեսական արտադրանքը դուրս բերելու նպատակով հումանիտար միջանցք բացելու ՄԱԿ-ի ջանքերին»,- նշել են գերատեսչությունում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախարարությունում ավելացրել են, որ այժմ մատակարարումների վերականգնման համար ուկրաինական կողմը պետք է ականազերծի Սեւ ծովի ափն իր ծովեզերքում, ներառյալ նավահանգստամերձ ջրավազանները։
Մինչ պաշտոնական Մոսկվան տեղեկացնում է բարի կամքի դրսեւորման մասին, ուկրաինական «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը տեղեկացրել է, որ «ուկրաինական զորքերի հաջող իրականացված հերթական գործողության արդյունքում ռուսաստանցիները շտապ տարհանել են իրենց կայազորի մնացորդները Զմեինի կղզուց»։
«Գիշերվա ընթացքում, Զմեինի կղզու ուղղությամբ մեր հրթիռային եւ հրետանային ստորաբաժանումների հասցրած կրակային հարվածներով հաջող իրականացված հերթական ռազմական գործողության արդյունքում հակառակորդը շտապ տարհանել է իր կայազորի մնացորդները երկու արագընթաց նավակներով եւ, ենթադրաբար, հեռացել է կղզուց»,- նշվել է հաղորդագրությունում, փոխանցել է Ուկրինֆորմը։
Նշվել է, որ ներկայում Զմեինիում հրդեհ է, լսվում են պայթյուններ։ Գործողության վերջնական արդյունքները լրացուցիչ ուսումնասիրվում են։