«Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռնել». թուրքագետ
Ես առանձնապես սպասելիքներ չունեմ Հայաստան Թուրքիա հերթական հանդիպումից, քանի որ Թուրքիան ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ հայ-թուրքական հարբերությունների գործընթացը կապում է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի հետ: Այս մասին ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Անդրադառնալով նրան, որ Ֆինլադյան և Շվեդիան արդեն կարող են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ պետություն, Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Ֆինլադիան և Շվեդիան ընդունել են Թուրքիայի պահանջները:
«Հնարավոր է, որ Բայդենի և Էրդողանը եկել են համաձայնության Ֆինլադիայի և Շվեդիայի մասով: Ֆինլադիան և Շվեդիան ընդունել են Թուրքիայի պահանջները: Թուրքիայի պահանջները շատ ավելի մեծ են եղել: Հատկապես Քրդստանի բանվորական կուսակցության հետ կապված, բայց Թուրքիան պահանջում էր, որ արգելվի քրդական այլ կազմակերպությունների գործունեությունը և այլն: Մյուս կողմից Թուրքիայի պահանջները կապված են եղել ԱՄՆ-ի հետ: Մասնավորապես՝ Թուրքիան ձգտում էր ԱՄՆ-ից ստանալ F16 կործանիչների նորացված տարբերակները կամ էլ իր ունեցած տարբերակները մոդեռնիզացնել: Այս երկու ամիսների ընթացքում պարզ դարձավ, որ Թուրքիան շարունակում է իր քաղաքաակնությունը, այն է՝ Արևմուտքի հետ մտնել առևտրի՝ փորձելով մի բան կորզել, մի բան ստանալ: Մյուս կողմից՝ Արևմուտքը ցույց տվեց, որ կարող է ճնշում գործադրել, և Թուրքիայից ստանալ այն, ինչն իրեն հարկավոր է: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Թուրքիան այն մակարդակի պետությունը չէ, որը ձգտում է իրեն ներկայացնել: Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռնել»,- ասաց Սաֆրաստյանը: