Բայդենը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հետ գործարք կնքելու համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հետ գործարք կնքելու համար, որը ճանապարհ է հարթել սկանդինավյան երկու երկրներին ՆԱՏՕ-ին անդամակցության համար:
Բայդենը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում իրենց հանդիպումից առաջ հակիրճ ելույթում նաեւ շնորհակալություն է հայտնել Էրդողանին Ուկրաինայից հացահատիկի տեղափոխմանն օգնելու Անկարայի ջանքերի համար: Էրդողանը հույս է հայտնել, որ դիվանագիտությունը կօգնի լուծել Ուկրաինայի հացահատիկի արտահանման հետ կապված խնդիրները։ «Մենք փորձում ենք այս գործընթացը լուծել հավասարակշռող քաղաքականությամբ։ Մենք հուսով ենք, որ այդ հավասարակշռող քաղաքականությունը կաշխատի եւ մեզ հնարավորություն կտա հնարավորինս արագ միջանցքով հացահատիկ ուղարկել դրա պակասն ունեցող երկրներ»:
Էրդողանը նշել է, որ «ՆԱՏՕ-ի ամրապնդմանն ուղղված քայլերը կնպաստեն նաեւ ռուս-ուկրաինական գործընթացին»։
Բայդենը գովել է Էրդողանին այն բանի համար, որ նա հրաժարվել է ընդդիմանալ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն եւ «այն ամբողջ անհավանական աշխատանքի համար, որ դուք անում եք՝ Ուկրաինայից հացահատիկը ստանալու համար»: Նա ասել է, որ երկու հարցն էլ կքննարկեն հանդիպման ժամանակ: «Դուք գերազանց աշխատանք եք կատարում, ես պարզապես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել»,- ասել է Բայդենը։