Երկրի կորստի դեպքում ՔՊ֊ականներին ևս մանդատները պետք չեն. Ագնեսա Խամոյան․ ArmDaily.am
Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու գործընթացի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունների մասին ArmDaily.am-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ։
-Տիկի՛ն Խամոյան, Ալեն Սիմոնյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Ազգային ժողովը մոտ օրերս կքննարկի ընդդիմադիր որոշ պատգամավորների մանդատներից զրկելու հարցը: Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱԺ նախագահի հայտարարությունը։
-Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ այս կյանքում իրենց համար առաջին տեղում պաշտոնը, մանդանը, փողն ու պարգևավճարն են, մի քանի հարյուր դոլարանոց մեքենանն է։ Իրենք իրենց խոսույթով մատնում են իրենց կյանքի առաջնահերթոությունները և ցույց են տալիս, թե, ի վերջո, ինչի համար էր 2018 թվականի իշխանափոխությունը։ Այդ իշխանափոխությունը ոչ թե քաղաքական փոփոխությունների, այլ իրենց կյանքի որակի փոփոխությանն էր միտված։ Մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք՝ մեզ համար թիվ մեկ խնդիրը մանդատները չեն։ Մեր թիվ մեկ խնդիրն այն չէ՝ Իշխան Սաղաթելյանը կմնա՞ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում, թե՞ չի մնա, կամ Ագնեսա Խամոյանը կունենա՞ պատգամավորական մանդատ, թե՞ չի ունենա։ Այս ամենը երկրոդային է այն առանցքային խնդիրների կողքին, որոնց առջև մենք ու մեր երկիրը կանգնած ենք։ Այսօր սեղանին մեր երկրի գոյության հարցն է դրված, ու այդ մանդատները վաղն իրենց էլ պետք չեն գալու։ Երբ չլինի երկիրը, մանդատներն ի՞նչ են անելու։ Այսօր դրված է Բերձորը կորցնելու հարցը, ու իշխանությունը փորձում է ընդդիմադիր պատգամավորներին, իբրև մանդատներից զրկելով, ստվերել Բերձորի հարցը։ Դուք հասկանո՞ւմ եք սրանց մակարդակի բացակայությունը։ Մեր հայտարարությունների մեջ որևէ բան չի փոխվել։ Մենք քաղաքական բոյկոտ ենք հայտարարել, դուրս ենք եկել փողոց, եղել ենք մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների կողքին, շարունակում ենք մնալ մեր քաղաքացիների կողքին ու նաև շարունակում ենք պնդել, որ այսօրվա ԱԺ-ի մեծամասնությունը մեր երկրի առջև ծառացած իրական խնդրիների վերաբերյալ իրական պատկերացում չունի, ինչպես նաև չի արտահայտում ժողովրդի իրական կարծիքը։ Ժողովրդի իրական կարծիքը չարտահայատելու ևս մեկ փաստարկ. այս իշխանությունը խոստացել էր խաղաղության օրակարգ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն իր վերջին մենախոսության ժամանակ շուրջ 1 ժամ հիմնավորում էր, թե ինչու խաղաղության օրակարգը հնարավոր չէ կյանքի կոչել։ Նրա պնդմամբ՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։ Այո՛, դա ճիշտ պնդում է, ու մենք այդ մասին խոսում ենք նոյեմբերի 9-ից ի վեր, որ տեղի ունեցած պատերազմով Հայաստանի խնդիրները չեն ավարտվում, այլ ընդհակառակը՝ նորերն են սկսում ու ավելի մեծ ծավալներով։ Այս ամենի ֆոնին ընդդիմադիր պատգամավորներին քաղաքական բոյկոտի պատճառով մանտադներից զրկելու հարցը քննարկման թոփ թեմա դարձնելն ուղղակի քաղաքական անմեղուսանկություն է։
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ միայն Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու վերաբերյալ հայտարարությունից հետո ՔՊ-ն ԱԺ-ում խոսեց արդեն բուն գործընթացը սկսելու մասին։
-Երևի դա գաղտնիքի բացահայտում չի լինի, եթե ասեմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն գոյություն չունի, ԱԺ-ում գոյություն չունի համանուն խմբակցություն, այդ ամենը ձևականություն է։ Գոյություն ունի մեկ անձի կուսակցություն և իշխանություն։ Նիկոլ Փաշինյանն ինչպես երկիրն է միանձնյա ղեկավարում, խառնվում է իշխանության բոլոր ճյուղերի ֆունկցիաներին ու անմիջականորեն մասնակցում ամեն ինչին, այնպես էլ ղեկավարում է իր կուսակցությունը։ Այնտեղ որոշումները բացառապես Նիկոլ Փաշինյանն է կայացնում, մնացածը հլու-հնազանդ ենթարկվում են։ Այս պատճառով է, որ մենք «Դիմադրություն» շարժման հանրահավաքների ժամանակ ՔՊ֊ականներին ասում էինք, որ իրենք ևս պետք է ազատագրվեն Նիկոլ Փաշինյանի լծից։ Ինչպես երկիրն է գտնվում նրա լծի տակ, նույն էլ իր կուսակցության անդամներն են գտնվում այդ լծի տակ։
-Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ որոշ անձանց հարցով գուցե քննարկեն և քաղաքական որոշում կայացվի՝ չդիմել ՍԴ, արդյոք սրանով իշխանությունը չի՞ փորձում ստուգել ընդդիմության ամրությունը։
-Նորից եմ ասում, որ իրենք այս ամենով փորձում են երկրի առջև ծառացած հիմնական ու կարևոր խնդիրներից հանրության ուշադրությունը շեղել։ Մենք չենք տրվելու այդ խայծին։ Մեր հանրությունը շատ լավ պետք է հասկանա, որ այսօրվա առանցքային հարցը 10-15 պատգամավորի մանդատից զրկել-չզրկելը չէ։ Այսօրվա գլխավոր խնդիրը Հայաստանի անվտանգային հարցն ու Արցախից մնացած 25 տոկոսի գոյության հարցն է։
-Տիկի՛ն Խամոյան, ամեն դեպքում ձեր խմբակցության ներսում մանդատների հարցով որևէ քննարկում իրականացրե՞լ եք։
-Մեր հանրային խոսքը մեր ներքին քննարկումների խոսույթն է։ Կոնկրետ մանտադների թեմայով որևէ քննարկում չենք իրականացրել, քանի որ մեր համար գլխավոր խնդիրն այս իշխանության հեռացումն է, որպեսզի Հայաստանն ու Արցախը մնան։