ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ է դարձել Լորա Օկլան
Էնդրյու Շոֆերն ավարտել է գործունեությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում, եւ հիմա ԱՄՆ համանախագահ է դարձել Լորա Օկլան, տեղեկացրել է TURAN-ը՝ հղում կատարելով պետդեպարտամենտի ներկայացուցչին։
«Հունիսի 21-ին տիկին Օկլան մեկնել էր Բրյուսել՝ հանդիպելու եւ ԵՄ-ի ու Ֆրանսիայի իր գործընկերների հետ խոսելու Հայաստանի եւ Ադրբեջանի համար ամուր եւ կայուն խաղաղության հաստատման հարցերի վերաբերյալ, իսկ հունիսի 27-ին հեռախոսազրույց էր ունեցել Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահի եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ»,- նշել է նույն աղբյուրը։
Լորա Օկլան 2022-ից զբաղեցնում է պետդեպարտամենտի Կովկասի գործերի եւ տարածաշրջանային հակամարտությունների վարչության տնօրենի պաշտոնը։ Մինչ այդ զբաղեցնում էր Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական գործերի տնօրենի պաշտոնը։
Նա կարիերային դիվանագետ է, զբաղեցրել է Մադրիդում ԱՄՆ դեսպանության տնտեսական խորհրդականի տեղակալի (2017-2020թթ.), Թբիլիսիում ԱՄՆ դեսպանության ներքին քաղաքականության բաժնի պետի (2014-2017թթ.) պաշտոնները։