Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը. Սերգեյ Ռյաբկով
Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը՝ դա համարելով միջազգային գործերում զուտ ապակայունացնող գործոն։ Այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դա անվտանգությունը չի ավելացնում, ոչ նրանց համար, ովքեր ընդլայնում են, ոչ նրանց համար, ովքեր պատրաստվում են անդամակցել, ոչ մյուս երկրների համար, որոնք դաշինքն ընկալում են որպես սպառնալիք»,- ասել է Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ գագաթաժողովի ընդունած որոշումները միայն ամրացնում են Ռուսաստանին ագրեսիվ զսպելու դաշինքի ուղեգիծը։
Դիվանագետը նաեւ ավելացրել է, որ դա որեւէ կերպ չի ազդի ՌԴ-ի քաղաքականության վրա։ Ռյաբկովն ընդգծել է, որ երկրի անվտանգությունը կապահովվի «հուսալի, հարյուր տոկոսով»։