Ռուսաստանը նորից Թուրքիային կոչ է արել ձեռնպահ մնալ Սիրիայում իրավիճակը սրելուց
ՌԴ-ն Թուրքիային կոչ է արել չսրել իրավիճակը Սիրիայի հյուսիսում եւ չձեռնարկել քայլեր, որոնք կսպառնային իրավիճակի թեժացմամբ, ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք կոչ ենք անում թուրք գործընկերներին ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող էին հանգեցնել լարվածության վտանգավոր սրացման։ Ելնում ենք այն բանից, որ ուժային գործողությունները, առանց համաձայնեցնելու Սիրիայի օրինական իշխանությունների հետ, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության խախտում կնշանակեին»,- ասել է Զախարովան ճեպազրույցում։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է նոր ռազմական գործողության Սիրիայի հյուսիսում, այն կարող է ստեղծվել ցանկացած պահի։