Tesla-ն կփակի Կալիֆոռնիայի գրասենյակներից մեկը. WSJ
Էլեկտրամեքենաներ արտադրող ամերիկյան Tesla ընկերությունը կփակի իր գրասենյակներից մեկը Կալիֆոռնիայի նահանգում, կկրճատվի մոտ 200 աշխատակից։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Ծախսերի կրճատման նպատակով ընկերությունը կփակի գրասենյակը Սան Մաթեոյում, հաստիքների կեսից ավելին տեղեկացվել է զբաղեցրած պաշտոններից ազատվելու մասին։ Անձնակազմի մնացած մասը կտեղաբաշխվի ընկերության այլ գրասենյակների միջեւ։ Պարբերականը նշել է, որ կրճատման ենթարկվող աշխատակիցների մեծ մասը զբաղվում էր Tesla-ի ավտոպիլոտի բարելավմամբ։
Ավելի վաղ Tesla ընկերության սեփականատեր Իլոն Մասկը տեղեկացրել էր «[ամերիկյան] տնտեսությանն առնչվող շատ վատ կանխազգացումների մասին» եւ նախազգուշացրել, որ մտադիր է «կրճատել աշխատակիցների մոտ 10 տոկոսին», ինչպես նաեւ «այլեւս աշխատանքի չընդունել ամբողջ աշխարհում»։ Մայիսի կեսին ելույթ ունենալով Մայամիի All-in Summit տեխնոլոգիական գիտաժողովում՝ Մասկը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների տնտեսությունը ռեցեսիայի վիճակում է եւ դրանից դուրս կգա գրեթե մեկ տարի հետո։