Ավստրիան հայտարարել է, որ 2023 թվականից հնարավոր են գազի մատակարարումներ Իսրայելից
Իսրայելը կարող է 2023 թվականից գազ մատակարարել Ավստրիային։ Այս մասին Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը հայտարարել է Augsburger Allgemeine թերթի հարցազրույցում։
«Իսրայելն արդեն անկախ է ռուսական գազից, կարելի է հուսալ, որ հաջորդ տարվանից նա կկարողանա արտահանում իրականացնել»,- նշել է Նեհամերը։
Նրա խոսքով՝ ռուսական գազից հրաժարվելու պատճառով էլեկտրամատակարարումը զգալիորեն կթանկանա։ Ընդ որում՝ Ավստրիան կարողացել է գտնել վառելիքի մատակարարներ։ Բայց կանցլերը չի նշել, թե ումից է այժմ վառելիք գնում։
Հունիսի 17-ին Ավստրիայի էներգետիկայի նախարար Լեոնորե Գեւեսլերը նշել էր, որ երկիրը պատրաստ է վառելիքի ներկրման ոլորտում իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներին, ներառյալ Ռուսաստանից գազի մատակարարման լիակատար դադարեցումը։ Նախարարի խոսքով՝ Ռուսաստանի կողմից գազի մատակարարումների ծավալի կրճատման հայտարարությունը կհանգեցնի գների զգալի բարձրացման եւ անորոշության ամբողջ Եվրոպայում։