Indesit և Hotpoint ապրանքանիշերի սեփականատերը ռուսական բիզնեսը կվաճառի Beko-ին
Թուրքական Arcelik ընկերությունը կգնի Whirlpool EMEA S.p.A-ի ռուսական ակտիվները՝ Indesit International-ը եւ Whirlpool Rus-ը: Գործարքը 220 մլն եվրո է գնահատվում, վճարումները նախատեսվում է կատարել տասը տարվա ընթացքում, գրում է «Կոմերսանտ»-ը:
Arcelik A.S.-ն կենցաղային տեխնիկա արտադրող խոշոր միջազգային ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Ստամբուլում: Վերահսկվում է Թուրքիայի խոշորագույն ֆինանսական եւ արդյունաբերական Koc Group կոնգլոմերատի կողմից: Arcelik-ին են պատկանում տասը ապրանքանիշ (հիմնականները՝ Blomberg-ն ու Beko-ն են), ինչպես նաեւ գործարաններ Թուրքիայում, Ռումինիայում, Ռուսաստանում եւ Չինաստանում։
Գործարքի մասին ծանուցումը հրապարակվել է տեղեկատվության հանրային բացահայտման թուրքական կայքում: Գործարքի արդյունքում Arcelik-ը կստանա արտադրական օբյեկտները Լիպեցկում, որոնք կարող են տարեկան 2.8 միլիոն սառնարան եւ լվացքի մեքենա արտադրել: Ռուսաստանում արտադրությամբ զբաղվում է մոտ 2.5 հազար մարդ։ Նշված ռուսական ընկերությունները գործում են նաեւՂրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Բելառուսում եւ Մոնղոլիայում։
«ՍՊԱՐԿ-Ինտերֆաքս»-ի տվյալներով՝ Whirlpool Rus-ի եկամուտը 2021 թ. կազմել է 40.8 միլիարդ, մաքուր շահույթը՝ 1.9 միլիարդ ռուբլի: Indesit International-ի եկամուտը 29.1 միլիարդ է կազմել, ընկերության շահույթը հասել է 220 միլիոն ռուբլու։