CNN-ը՝ Ուկրաինայի կորցրած տարածքները երբեւէ վերադարձնելու ԱՄՆ-ի կասկածների մասին
Սպիտակ տան ավելի շատ պաշտոնյաներ են սկսել կասկածել, որ Ուկրաինան երբեւէ կկարողանա վերադարձնել ռուսական հատուկ գործողության հետեւանքով կորցրած տարածքները, տեղեկացրել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խորհրդականները քննարկում են, թե արդյոք անհրաժեշտություն կա, հակամարտության շուտափույթ ավարտի նպատակով, որպեսզի Ուկրաինան ընդունի տարածքային զիջումները։ Բայց Վաշինգտոնը մտադիր չէ ճնշում գործադրել Կիեւի վրա այս հարցում, նշել են հեռուստաալիքի աղբյուրները։
CNN-ի զրուցակիցներից մեկը Ուկրաինայի տարածքների կորուստն անխուսափելի է համարում։ Կորցրած շրջանները վերադարձնելու հնարավորությունը «զգալի չափով, եթե ոչ ամբողջովին, կախված է այն բանից, թե ինչ աջակցություն» կցուցաբերի Վաշինգտոնը Կիեւին, նշել է նա։ Ըստ աղբյուրի՝ Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրել է 48 համազարկային կրակի հթրիռային համակարգ, իսկ Պենտագոնը ներկա պահին խոստացել է միայն ութը։
Ռուսաստանը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն սկսել է փետրվարի 24-ին։ Հունիսի 28-ի դրությամբ ռուս զինվորականները եւ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ուժերը վերահսկում են Խերսոնի մարզը, Զապորոժիեի մարզի մեծ մասը, Խարկովի մարզի մի մասը, Լուգանսկի գրեթե ողջ մարզը՝ բացի Լիսիչանսկից, եւ Դոնեցկի մարզի մի մասը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ից հետո կորցրած տարածքների վերադարձն անվանել է պայման, որի կատարման դեպքում Ուկրաինան կվերականգնի բանակցությունները։ Կրեմլում նշել են, որ խաղաղությունն Ուկրաինայի հետ հնարավոր է, եթե վերջինը կատարի ռուսական պահանջները։ Այսպես, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ գործողության նպատակ է հայտարարել հարեւան պետության «ապազգայնականացումն» ու «ապառազմականացումը», ինչպես նաեւ Դոնբասի բնակիչների պաշտպանությունը «ցեղասպանությունից»։ Ստամբուլում բանակցություններից հետո ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Կիեւը կհրաժարվի Ղրիմն ու Դոնբասը ուժային ճանապարհով վերադարձնելուց, բայց հետո, ինչպես նշել է Պուտինը, Ուկրաինան հրաժարվել է այդ պայմանավորվածություններից։
Միեւնույն ժամանակ, վերջին ամսվա ընթացքում մի շարք քաղաքական գործիչներ, ինչպես արեւմտյան, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, այնպես էլ ուկրաինացի, սկսել են նկատել, որ «հոգնածություն» կա շարունակվող հակամարտությունից ու դրա հետեւանքներից։ Ինչպես տեղեկացրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, Աֆրիկայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներ Կիեւին առաջարկել են դադարեցնել դիմադրությունը ռուսական ուժերին, որպեսզի ուկրաինական նավահանգիստները ապաշրջափակվեն եւ շարունակվի հացահատիկի արտահանումը։ Նախարարն ինքը այդ նախաձեռնությունն անվանել է «անմիտ առաջարկ»։