ՌԴ Քննչական կոմիտեն Միխայիլ Խաչատրյանի՝ գործը մեղադրանքի հաստատման համար, կուղարկի դատախազություն
Ռուսաստանի Քննչական կոմիտեն առաջիկայում, մեղադրական եզրակացության հաստատման համար, ՌԴ գլխավոր դատախազություն կուղարկի դուստրերի կողմից 2018թ. հուլիսի վերջին խոշտանգված եւ սպանված Միխայիլ Խաչատրյանի գործը։ Այս մասին ՏԱՍՍ-ին երեքշաբթի տեղեկացրել է աղբյուրն իրավապահ մարմիններում։
«Բոլոր փաստաբանները ծանոթացել են գործի նյութերին՝ ավելի քան 20 հատոր։ Վերահսկիչ գերատեսչության կողմից մեղադրական եզրակացության հաստատման դեպքում քրեական գործը կուղարկվի Մոսկվայի Բուտիրյան դատարան»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի Բասմանյան դատարանը անցած շաբաթվա վերջին քննության միջնորդությամբ սահմանափակել էր Խաչատրյանի պաշտպանության՝ գործին ծանոթանալու ժամկետը՝ մինչեւ երկուշաբթի ժամանակ տալով։ ՔԿ-ն նրանց գործողություններում «նյութերի ընթերցման ձգձգում» էր նկատել։ «Այն բանից հետո, երբ աղջիկների պաշտպանությունը եւ իրենք՝ աղջիկներն էին ծանոթացել գործին, կազմվել էր արձանագրություն լրացուցիչ նյութերին նրանց ծանոթանալու մասին»,- ընդգծել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։
Իրավապահ մարմինների եւ փաստաբանների պաշտոնական մեկնաբանություններին ՏԱՍՍ-ը չի տիրապետում։
Մայիսի վերջին տեղեկացվել էր, որ ՌԴ ՔԿ-ն ավարտել է Խաչատրյանի հանդեպ քրեական գործի քննությունը։ Քննիչները խստացրել էին նրա մեղադրանքը՝ դրան ավելացնելով պոռնոգրաֆիական նյութի տարածումը։ Հետաքննքության ընթացքում պարզվել է մեղադրյալի կողմից նրա դուստրերի ընկերուհուն պոռնոգրաֆիական նյութի ցուցադրման եւս մեկ փաստ։
Հետմահու մեղադրվել է
Անցած տարվա մարտին ՌԴ ՔԿ-ն պաշտոնապես տեղեկացրել էր քույրերի պաշտպանությանը, որ նրանց հոր դեմ քրեական գործ է հարուցվելու։ Այդ ժամանակ նրան վերագրվում էին դուստրերի հանդեպ խոշտանգումների եւ սեռական ոտնձգության գործողություններ։ Ինչպես նշել են աղջիկների փաստաբանները, իրենց պաշտպանյալները գործով պաշտոնապես տուժողներ են ճանաչվել, ինչի հետ կապված նրանք հույս ունեն դադարեցնել քրեական հետապնդումը։ Եթե Խաչատրյանին մեղավոր ճանաչեն, «ապա դա կդառնա ապացույցն այն բանի, որ Խաչատրյան քույրերը գտնվել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում», նշել են իրավաբանները։
2020թ. փետրվարին քննությունը որոշում է կայացրել քրեական գործ չհարուցել Խաչատրյանի հանդեպ՝ նրա մահվան հետ կապված։ 2020թ. դեկտեմբերի 4-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը քննչի գործողություններն՝ այդ որոշման հետ կապված, ճանաչել է անօրինական։ Հանգամանքների ստուգումը կատարել է ՔԿ-ն 2019թ. հուլիսից մինչեւ 2020թ. փետրվար։
Ինչպես երեւում է ստուգման նյութերից, 2014թ. նոյեմբերից, ինչպես նաեւ մոր բացակայությամբ համատեղ ապրելու ամբողջ ժամանակաընթացքում, այդ թվում իր մահվան օրը, Խաչատրյանը դաժան վերաբերմունք է ցուցաբերել դուստրերի հանդեպ, պարբերաբար ծեծել է նրանց, նվաստացրել, սպառնացել ֆիզիկական բռնության գործադրմամբ, հարկադրել սեռական բնույթի գործողություններ կատարել, ինչի հետեւանքով աղջիկները խանգարում են ստացել՝ դաժան վերաբերմունքի ախտանշան եւ հետտրավմատիկ սթրեսային խանգարում։
Սպանության գործը
Խաչատրյանն սպանվել է 2018թ. հուլիսի 27-ին։ Երեք աղջիկները նրան դանակի եւ մուրճի բազմաթիվ հարվածներ էին հասցրել։ Քննությունը պարզել է, որ հանցագործության դրդապատճառը անձնական թշնամանքն էր՝ երկար ժամանակ նրանց ֆիզիկական եւ հոգեբանական տառապանքներ պատճառելու հետ կապված։
Աղջիկների գործողությունները քննությունը որակել է որպես նախնական պայմանավորվածությամբ անձանց խմբի կողմից կատարված սպանություն։ Հիմնական գործից առանձնացվել են կրտսեր քրոջ վերաբերյալ նյութերը, քանի որ նա փորձագետների կողմից ճանաչվել է անմեղսունակ իրեն վերագրվող հանցագործությունը կատարելու պահին։ ՔԿ-ն պնդում է, որ նրա նկատմամբ անհրաժեշտ է կիրառել բժշկական բնույթի միջոցներ, քանի որ նա հարկադիր բուժման կարիք ունի։ Նրա հանդեպ գործը քննվել է Մոսկվայի Բուտիրյան դատարանում, դռնփակ, եւ վերադարձվել է ավագ քույրերի գործից հետո, որի համար Մոսկվայի քաղաքային դատարանը այդպես էլ չկարողացավ ընտրել ատենակալներին։