Եթե այդ լրատվամիջոցներն ուզում են ասուլիս, առերես շփում, թող դիմեն կառավարության լրատվական ծառայությանը․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ որոշ լրատվամիջոցների՝ իր ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ ասուլիսին հարցեր ուղարկելուց հրաժարվելուն:
Փաշինյանը պատասխանեց որոշ լրատվամիջոցների հենց այն հարցին, թե ինչո՞ւ է արդեն շուրջ 2 տարի հրաժարվել լրագրողների հետ ուղիղ շփումից, ավանդական ձևաչափով ասուլիսներից և արդյոք պատրաստվում է վերադառնալ ազատ շփման տարբերակին: Փաշինյանն այդ քննարկումը բավականին տարօրինակ համարեց:
«Պետք է արձանագրենք հետևյալը՝ ինչքանով տեղյակ եմ՝ բոյկոտել են այն լրատվամիջոցները, որոնք ներկայացնում են այն քաղաքական շրջանակներին, որոնք վերջին շրջանում բոյկոտային լայն գործունեություն են ծավալել: Նկարագրեմ իրավիճակ՝ ենթադրենք մենք հրավիրել ենք ասուլիս, հրավիրել ենք լրատվամիջոցներին, և այդ նույն լրատվամիջոցներն ասում են, որ իրենք բոյկոտում են. պատճառ միշտ էլ կգտնվի՝ կրկնելով իրենց քաղաքական կարգախոսները, կամ չեն բոյկոտում, գալիս, հարց են հնչեցնում, պատասխան է հնչում, պատասխանն իրենց դուր չի գալիս, և ասում են՝ բոյկոտում են, որովհետև պատասխանը չի բխում իրենց ինչ-ինչ պատկերացումներից:
Այդ նույն լրատվամիջոցների մի մասը, որոնք վերջին շրջանում լայնորեն ներգրավված էին Երևանի փողոցները կաթվածահար անելու պրակտիկայի մեջ, ինչ-որ պատասխան իրենց դուր չի գալիս և որոշում են կաթվածահար անել, լքել ասուլիսի դահլիճը, այդ դեպքում ի՞նչ պետք է անենք: Նկատի ունեմ՝ եթե խնդիրը բոյկոտն է, բոյկոտելու պատճառ միշտ էլ կգտնվի: Ուզում եմ հիշեցնել, որ այդ լրատվամիջոցների քաղաքական լիդերները խորհրդարանական ընտրություններում բոյկոտեցին ուղիղ եթերում բանավիճելու հնարավորությունը: Ես չտեսա այդ նույն լրատվամիջոցների դատապարտող հայտարարությունը, թե ինչու այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն գնում ու հանրության առաջ բանավեճի չեն մասնակցում»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով լրատվամիջոցներից մեկի դիտարկմանը, որ առցանց ձևաչափով ասուլիսներում իրենց հարցերը չեն հնչել՝ նա նշեց՝ միշտ չէ, և բոլոր ասուլիսներում չէ, որ բոլոր հարցերը հնչում են: Փաշինյանը ընդգծեց նաև, որ երբ Երևանից դուրս է ասուլիսներ անցկացրել, լրատվամիջոցներ են եղել, որ բողոքել են՝ հեռու է, իրենց հարմար չէ, որ գնան, այդքան հեռավորության վրա ասուլիսի մասնակցեն:
«Եթե այդ լրատվամիջոցներն ուզում են ասուլիս, առերես շփում, թող դիմեն կառավարության լրատվական ծառայությանը, բացատրեն, թե ինչում է իրենց խնդիրը: Եվ կառավարության լրատվական ծառայությունը կքննարկի և իրենց կպատասխանի: Ասուլիսն ինքնանպատակ չէ, այն հանրության հետ շփվելու միջոց է, և մենք հիմա ուղիղ եթերում շփվում ենք հանրության հետ»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը ընդգծեց՝ ինքը չի ասում, որ այդ ձևաչափը միակ ձևաչափն է, որտեղ ինքը պատկերացնում է աշխատանքը: Նա ասաց՝ թող այդ լրատվամիջոցները գրավոր դիմեն, թե ինչ բանաձևի ասուլիս են առաջարկում, իրենք էլ կքննարկեն ու կպատասխանեն: