Մոսկվան հերքում է դեֆոլտի մասին պնդումները
«ԱՄՆ-ի հորինած «ռուսական դեֆոլտը» միայն քարոզչական հնարք չէ: Ռուսաստանի ակտիվների ապագա գողությունը հիմնավորելու համար անհրաժեշտ են դեֆոլտի հայտարարություններ»,- ասել է ՌԴ Դաշնային խորհրդի սենատոր Անդրեյ Կլիմովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա պարզաբանել է, որ ռուսական ակտիվների արգելափակման պատասխանը պարտադիր չէ, որ լինի համաչափ, այն պետք է լինի ժամանակին, արդարացի և հասկանալի։
Սենատորի կարծիքով՝ անհրաժեշտ է ստիպել ռուսական պահուստների արգելափակման համար պատասխանատուներին ամբողջությամբ փոխհատուցել ոչ միայն նյութական կորուստները տոկոսներով, այլև՝ բարոյական ծախսերը։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ երկուշաբթի՝ հունիսի 27-ի գիշերը, Ռուսաստանում գրանցվել է արտարժույթով սուվերեն պարտքի գծով առաջին դեֆոլտը 1918 թվականից ի վեր։
Ռուսաստանը հերքել է այդ հայտարարությունները։ «Մոսկվան չի ընդունում արտարժութային պարտավորությունների մասով դեֆոլտի վերաբերյալ պնդումները»,- հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Bloomberg գործակալության տարածած հաղորդագրությունը, որի համաձայն՝ ռուսական պարտատոմսերի արևմտյան սեփականատերերը հերթական վճարումները չեն ստացել։ «Դեռ մայիս ամսին են այդ վճարումները կատարվել, և եթե դրանք սառեցվել են և չեն հասել հասցեատերերին, դա մեր խնդիրը չէ»,- հայտարարել է Պեսկովը։