Էկվադորի նախագահը կատարել է ցուցարարների հերթական պահանջը
Էկվադորի նախագահ Գիլյերմո Լասոն կատարել է երկրի բնակիչների պահանջը՝ իջեցնելով բենզինի եւ դիզվառելիքի ամրագրված արժեքը՝ մեկ գալոնը 10 ցենտով։
«Բոլորը կարծում են, թե վառելիքի գինը անկյունաքարային է դարձել առճակատումը շարունակելու համար։ Եվ չնայած մեզ՝ որպես կառավարության, պարզ է, որ այդ գործոնը էկվադորցիների խնդիրների պատճառը չէ, մենք պետք է մտածենք ընդհանուր բարիքի եւ քաղաքացիական խաղաղության մասին։ Այդ պատճառով ես որոշել եմ իջեցնել Extra եւ Ecopais բենզինի գները՝ մեկ գալոնը 10 ցենտով, դիզվառելիքինը նույնպես՝ մեկ գալոնը 10 ցենտով»,- ասել է քաղաքական գործիչն իր սոցիալական ցանցում հրապարակված ուղերձում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Էկվադորի հնդկացիների կոնֆեդերացիայի (La Confederación de Nacionalidades Indígenas del Ecuador, CONAIE) բողոքները երկրի ղեկավարության իրականացրած սոցիալական եւ տնտեսական քաղաքականության դեմ սկսվել են հունիսի 13-ին 11 շրջաններում՝ ոչ մեծ ցույցով եւ մեկ շաբաթ հետո տարածվել են ամբողջ երկրում։ Նախագահ Լասոն ուրբաթ օրը դիմել էր երկրի քաղաքացիներին եւ ասել, որ երկրում ծավալված բռնի գործողությունների մասնակիցների իսկական մտադրությունը հեղաշրջում կազմակերպելն է, նա նախազգուշացրել է երկրում դեմոկրատիան վտանգող սպառնալիքի մասին եւ թույլ է տվել ոստիկանությանն ու բանակին անհրաժեշտության դեպքում գազով զենքի փոխարեն հրազեն օգտագործել։ Խորհրդարանը, սրա հետ կապված, քննարկում է Լասոյին իմփիչմենթ հայտարարելու հնարավորությունը։
Չնայած անկարգությունների հարցում կառավարության կոշտ դիրքորոշմանը՝ ցուցարարների պահանջները կատարվում են։ Դրանով փորձ է արվում երկխոսություն հաստատել։ Շրջաններում հունիսի 18-ին արտակարգ դրություն մտեցնելու հետ մեկտեղ նախագահ Լասոն հաստատել է էկվադորցի ընտանիքներին աջակցության ցուցաբերման միջոցները՝ վառելիքի գների սառեցում, կոմունալ ոլորտում մասնավորեցման չեղարկում, գյուղտնտարտադրողների նպաստների եւ արտոնյալ վարկերի ավելացում եւ պետական Banecuador-ին ունեցած պարտքերի չեղարկում ԱՄՆ 3 հազար դոլարի չափով։ Ցուցարարների պահանջով շաբաթ օրը նախագահը չեղյալ է հայտարարել նաեւ արտակարգ դրությունը։