Դաշտադեմի ամրոցում տեղի է ունեցել մշակութային գունեղ փառատոն
Հայրենապաշտ հայի անկոտրում ոգին ու միասնությունն արտացոլող երգ ու պարով հունիսի 26-ին Դաշտադեմի ամրոցում տեղի է ունեցել մշակութային գունեղ փառատոն՝ համեմված ազգային ուտեստների ու բարիքների հյուրասիրությամբ։ Այդ մասին հայտնում են Արագածոտնի մարզպետարանից։
«Փառատոնի առանցքում սասնա պարերն էին, իսկ ուղերձը մեկն էր՝ հայն անկոտրում է, հայն ապրում ու եռանդուն արարում է․ ինչպես Գևորգ Էմինն է ասել՝ չի՜ հաղթի ոչինչ այն քաջ ժողովրդին, որ այս ջանքո՛վ ու այս կամքո՛վ պարե՜լ գիտի․․․
Միջոցառմանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԱԺ պատգամավորներ Արման Եղոյանը, Գևորգ Պապոյանը, Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, խորհրդական Արմեն Գրիգորյանը, մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցներ, Արագածոտնի մարզի բնակիչներ, մայրաքաղաքից, այլ մարզերից և արտերկրից Հայաստան ժամանած զբոսաշրջիկներ։
Ներկաներին ողջունեցին մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Գևորգ Պապոյանը, Տավրոս Սափեյանը։
Սերգեյ Մովսիսյանը ողջույնի խոսքում ընդգծեց, որ մարզում ազգային ոգին բարձր պահելու, հայրենասեր սերունդ դաստիարակելու, ազգային մշակույթը հանրահռչակելու տեսանկյունից նման միջոցառումները չափազանց կարևոր են։
Պատգամավոր Գևորգ Պապոյանը, ողջունելով մշակութային փառատոնների անցկացումը, նշեց, որ Թալինում հաստատված սասունցիները հայի հայրենասեր, խրոխտ տեսակը լավագույնս ներկայացնում են նաև ազգային երգ ու պարի փառատոններում։
Տավրոս Սափեյանն իր ելույթում հավաստիացրեց, որ Թալինը ազգային միջոցառումների շրջանակում հաճախակի է հյուրընկալելու տարբեր տարածաշրջանների բնակիչներին՝ հայկական մշակույթին հաղորդակցվելու գեղեցիկ միջավայր ստեղծելով։
Ելույթ ունեցան Թալինի պարային համույթները, նվագախմբերը, երգիչները՝ պարերի շուրջ համախմբելով պետական այրերին ու փառատոնի մասնակիցներին։
Մարզպետի կողմից պատվոգրեր ստացան լավագույն պարային խմբերն ու երգիչները։
Փառատոնն ամփոփվեց միասնական շուրջպարով։ ․․․Եվ Սասունը նորի՜ց պարեց, ոտքը զարկեց, ձեռքով արեց․․․
Նախաձեռնությունը Արագածոտնի մարզպետարանինն էր, փառատոնի կազմակերպմանը գործուն աջակցություն են ունեցել Թալինի համայնքապետարանը և «Թալին-հույս» մշակութային ՀԿ-ն»,- նշում են մարզպետարանից։