Հորդառատ անձրևները խնդիրներ են ստեղծել Արևմտյան Վրաստանի բնակիչների համար
Վրաստանի մի քանի շրջանի՝ Սամեգրելոյի, Իմերեթիի և Ռաճա-Լեչխումիի բնակչությունը հորդառատ անձրևների պատճառով խնդիրների առջև է հայտնվել:
Չիաթուրայի շրջանի Իխվիսի գյուղում գետնի վրա հսկայական ճաքեր են առաջացել, նույնիսկ ամբողջ տներ են հայտնվել դրանց մեջ, գրանցվել են սողանքներ: Հաղորդվում է, որ սողանքը վնասել է գազատարը: Հեղեղվել են ճանապարհները, տան բակերը, եգիպտացորենի արտերն ու այգիները:
Աղետի գոտի են ժամանել տեղի իշխանությունները: Սողանքային գործընթացների վտանգը կգնահատեն երկրաբանները։ Հնարավոր է, որ մի քանի ընտանիք ստիպված լինի տարհանվել։
Փորձագետները ենթադրում են, որ այս երևույթի պատճառը տարածքում մանգանի հանքաքարի արդյունահանման մեծ թվով հանքավայրերի առկայությունն է:
Տեղի իշխանությունների կարծիքով՝ խնդրի լուծմանը պետք է ներգրավել կենտրոնական իշխանությանը, քանի որ իրենք կդժվարանան հաղթահարել այս մասշտաբի խնդիրը։