Բայդենը հաստատել է՝ G7 երկրները կհրաժարվեն Ռուսաստանից ոսկի գնելուց
ԱՄՆ նախագահ Բայդենը հաստատել է, որ G7-ը էմբարգո է սահմանում Ռուսաստանից ոսկու ներկրման նկատմամբ: G7 երկրները կհրաժարվեն Ռուսաստանից ոսկի գնելուց, հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։
««Մեծ յոթնյակը» կհայտարարի ռուսական ոսկու՝ երկրի հիմնական արտահանման ապրանքի համար ներմուծման արգելքի մասին, որը Ռուսաստանին բերում է տասնյակ միլիարդավոր դոլարներ»,- պարզաբանել է նա Twitter-ի իր էջում։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ նման միջոց կձեռնարկեն նաև Միացյալ Թագավորությունը, Կանադան և Ճապոնիան։ Պատժամիջոցները չեն ազդի արդեն ձեռք բերված ակտիվների վրա։
G7-ի գագաթնաժողովը, որը ղեկավարում է Գերմանիան, տեղի կունենա հունիսի 26-ից 28-ը՝ Բավարիայում։ Գագաթնաժողովի հրավիրված մասնակիցների թվում են Սենեգալի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Արգենտինայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի ղեկավարները։ Սպասվում է, որ Վլադիմիր Զելենսկին կմասնակցի տեսակապի միջոցով: