Ժամանակն է, որ պարզեցնեն ծնունդով հայերի կողմից քաղաքացիություն ձեռք բերելու կարգն ու հիմքերը․ Գևորգ Դանիելյան
Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրել է․ «Հայրենի օրենսդրությամբ ի սկզբանե գործել է քաղաքացիության ձեռք բերման «արյան» սկզբունքը, ուստի երեխայի ծնվելու վայրը որևէ նշանակություն չունի. «Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ԱՆԿԱԽ ԾՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻՑ, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն» («Քաղաքացիության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մաս):
Իսկ եթե այս հարցը ոմանց համար արժեք ունի նաև խորքային համընդհանուր շահեր պաշտպանելու տեսանկյունից, ապա ճիշտ ժամանակն է, որպեսզի միջամտեն և պարզեցնեն ծնունդով (ոչ թե «ազգությամբ», քանզի շատ երկրների օրենսդրությունը թույլ չի տալիս բացահայտելու ազգությունը, օրինակ՝ Թուրքիայի սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝ «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԹՈՒՐՔ ԵՆ») հայերի կողմից քաղաքացիություն ձեռք բերելու կարգն ու հիմքերը։
Ներկայումս դա աննախադեպ հրատապություն է ձեռք բերել, հատկապես ՌԴ֊ում բնակվող մեր ազգակիցների համար, որոնք արտասահմանյան տարբեր ոլորտներում՝ կրթական, գործարար, մշակութային և այլն, բախվում են լրջագույն բացահայտ խտրական դրսևորումների հետ և չեն կարողանում առանց տևական բյուրոկրատական քաշքշուկների հաղթահարել այդ խոչընդոտները։
Խնդրեմ, հրաշալի առիթ է ստեղծվել, որ առնվազն մեր հայ ուսանողները, ձեռք բերելով երկքաղաքացիություն, ի զորու լինեն անարգել շարունակելու ուսումը և պիտանի լինել նաև իրենց Երկրին ...»։