Շվեդիան չի փորձում փոխզիջման գնալ թուրքական իշխանությունների հետ․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Էրդողանը և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Ըստ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության՝ Էրդողանը զրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել, որ Շվեդիան չի փորձում փոխզիջման գնալ թուրքական իշխանությունների հետ։
Ըստ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության՝ Թուրքիան «Շվեդիայից որևէ շոշափելի նախաձեռնություն չի տեսնում»։ Հաղորդվում է, որ Էրդողանը Շվեդիայի վարչապետի հետ զրույցում կոչ է արել «քայլեր ձեռնարկել Թուրքիայի համար կարևոր հիմնարար հարցերի շուրջ»։
Էրդողանը դեմ է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-իանդամակցությանն այն պատճառով, որ երկիրը Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) ահաբեկչական չի համարում։ Անկարան Շվեդիայից պահանջում է դադարեցնել PKK-ին աջակցելը և արտահանձնել նրա անդամներին։ Թուրքական իշխանություններն առաջ են քաշում ևս երկու հիմնական պահանջ՝ նրանք ցանկանում են, որ սկանդինավյան երկրները դադարեցնեն իրենց երկրի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների աջակցությունը և օգնեն վերացնել Անկարայի նկատմամբ ԵՄ զենքի էմբարգոն։