Իրանը պատրաստակամություն է հայտնել առաջիկա օրերին վերսկսել ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունները
Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ առաջիկա օրերին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերակենդանացման շուրջ բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն է հայտնել, գրում է Mehr-ը։
«Մենք դրական եւ համակողմանի բանակցություններ ենք ունեցել»,- ասել է նախարար Աբդոլլահիանը։ «Մենք հուսով ենք, որ եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների եւ Բորելի հետ ունեցած բանակցությունների ու պայմանավորվածությունների շարունակության ֆոնին հարաբերությունների զարգացում ու առաջընթաց կտեսնենք»։
«Մենք քննարկել ենք Իրանի եւ այլ կողմերի միջեւ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների շարունակությունը։ Մենք պատրաստ ենք առաջիկա օրերին վերսկսել բանակցությունները»,- հավելել է նա։
Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ ինքը եւ Բորելը «մանրամասն, խորը եւ ճշգրիտ բանակցություններ են վարել Իրանի պահանջների շուրջ»։
«Իրանի համար կարեւորը տնտեսական շահն է 2015 թվականին ձեռք բերված համաձայնագրից, եւ ցանկացած հարց, որը կազդի մեր տնտեսական շահի վրա, ընդունելի չի լինի Իրանի կառավարության համար»,- նշել է նա։
ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարն իր հերթին ասել է, թե իր ուղեւորությունը Թեհրան ունի հիմնական նպատակ՝ դուրս գալ փակուղուց եւ նվազեցնել լարվածությունը ԳՀՀԾ-ի շուրջ բանակցություններում, ինչպես նաեւ բանակցություններ վերսկսելու նոր խթան եւ հնարավորություն ստեղծել։
Բորելը հավելել է, որ իրենք պատրաստվում են մոտ օրերս վերսկսել բանակցություններն ու դուրս գալ այս փակուղուց։