Սփյուռքում մենք ունենք բազմաթիվ վառ անհատականություններ, տաղանդավոր մարդիկ, որոնք մեծ ճանաչում ու հեղինակություն են վայելում ոչ միայն այն երկրներում
Սփյուռքում մենք ունենք բազմաթիվ վառ անհատականություններ, տաղանդավոր մարդիկ, որոնք մեծ ճանաչում ու հեղինակություն են վայելում ոչ միայն այն երկրներում, որտեղ գործունեություն են ծավալում, այլև իրենց ոլորտում համարվում են լավագույն մասնագետներն աշխարհի մակարդակով: Մինչդեռ հայրենիքում նրանց շատ քիչ են ճանաչում:
Ցավով պիտի ընդունենք, որ անցած երեսուն տարիներին չենք կարողացել Հայաստանում այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի կարողանայինք Սփյուռքի հսկայական ներուժն օգտագործել, մեր տաղանդավոր հայրենակիցների գիտելիքներն ու փորձը ծառայեցնել մեր երկրի զարգացմանը: Դա անելու դեպքում, համոզված եմ, որ այսօր ավելի ուրիշ, ավելի ուժեղ ու հաջողակ երկիր կունենայինք:
Մեր այդպիսի հայրենակիցներից է MGM Studios-ի նախկին նախագահ և գործադիր տնօրեն, MGM Resorts-ի նախկին նախագահ Ալեքս Եմենիջյանը, որի թե՛ մասնագիտական գործունեությունը, թե՛ որպես հայ՝ նրա կերպարը, մտածողությունն ու արժեքներն ինձ իսկապես տպավորել են:
Լինելով ցեղասպանությունից հետո Արգենտինայում հաստատված հայերի ժառանգը՝ Եմենիջյանը կրթություն է ստացել ԱՄՆ-ում և այնտեղ էլ կայացել է որպես հաջողակ գործարար ու կառավարիչ: ԱՄՆ տեղափոխվելիս նրա հայրը ընտրել է Լոս Անջելեսը միայն նրա համար, որովհետև այնտեղ է եղել այն ժամանակ ԱՄՆ-ի միակ հայկական դպրոցը: Եմենիջյանի մոտ հայկական ինքնության արմատները շատ խորն են ու նրանից սովորելու շատ բան ունենք:
ՀԱՅԱՍՏԱՆ 2041 Armenia2041 հիմնադրամի՝ «Ապագա գործերի նախարարություն» նախաձեռնության շրջանակում հետաքրքիր զրույց ենք ունեցել Ալեքս Եմենիջյանի հետ՝ խոսելով հայկական աշխարհում և Սփյուռքում հայկական ինքնությունը պահպանելու և այն հաջորդ սերունդներին փոխանցելու կարևորության, Սփյուռքի ներուժը հօգուտ Հայաստանի զարգացման օգտագործելու, Հայաստան-Սփյուռք արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն հաստատելու ձևերի, հայրենասիրության և նրա բովանդակության, արտերկրում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության, ինչպես նաև նոր սերնդի համար որակյալ կրթություն ու զարգացման ճիշտ միջավայր ապահովելու կարևորության մասին:
Զրույցը հնարավոր է դիտել այս հղումով