Բողոքի ցույց Տեխասում՝ ընդդեմ աբորտի սահմանադրական իրավունքը չեղյալ համարելու ԱՄՆ Գերագույն դատարանի որոշման
Ավելի քան 200 մարդ ուրբաթ օրը հավաքվել է Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում դաշնային դատարանի դիմաց, որպեսզի իր բողոքն արտահայտի աբորտի սահմանադրական իրավունքը չեղյալ համարելու ԱՄՆ Գերագույն դատարանի որոշման դեմ, հայտնում է Reuters-ը։
Տեխասը մեկն է այն 13 նահանգներից, որոնք վերջին ամիսներին հաստատել են, այսպես կոչված, «տրիգերային օրենքները», որոնք արգելում կամ խստորեն սահմանափակում են աբորտները՝ այսպես կոչված «Ռոն ընդդեմ Ուեյդի» գործով 1973 թվականի որոշումը չեղարկելուց հետո: Ուրբաթ օրվա որոշումը, ի վերջո, կսահմանափակի աբորտի իրավունքները երկրի 50 նահանգների մոտ կեսում:
Տեխասը առաջամարտիկ է կանանց վերարտադրողական իրավունքների դեմ պայքարում: Անցյալ տարի հանրապետականների կողմից վերահսկվող նահանգն առաջինն էր, որ ընդունեց մինչ օրս երկրում աբորտների դեմ ամենախիստ օրենքը՝ ոգեշնչելով մյուս օրենսդիր մարմիններին անել նույնը:
ԱՄՆ Գերագույն դատարանն արգելել է աբորտը հղիության վեց շաբաթից հետո։ ԱՄՆ-ում այս քայլը դիտվում է որպես պահպանողականների հաղթանակ, որոնք երկար ժամանակ ձգտել են վերացնել ԱՄՆ-ում աբորտների հասանելիությունը: