Սթոլթենբերգը կարծում է, որ Ուկրաինայում ռազմական հակամարտությունը բանակցությունների միջոցով կլուծվի
ՆԱՏՕ-ն ցանկանում է օգնել Ուկրաինային մնալ «ինքնիշխան եւ անկախ եվրոպական ազգ», ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ Նա կարծում է, որ Ուկրաինայում ռազմական հակամարտությունը բանակցությունների միջոցով կլուծվի։
Իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում Սթոլթենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ «տոտալ պատերազմ չկա»։
Միեւնույն ժամանակ նա հանդես է եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման օգտին՝ Ուկրաինայում նրա ռազմական գործողության պատճառով, գրում է «Կոմերսանտը»։
«Ամենայն հավանականությամբ, այս պատերազմը կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք պատասխանատու ենք, որ ապահովվի Ուկրաինայի հնարավորինս ուժեղ դիրքը... Եվ դրա լավագույն միջոցը հզոր ռազմական եւ տնտեսական աջակցություն ցուցաբերելն է ու Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների խթանումը»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։