Բեռլինի քաղաքապետը կես ժամ զրուցել է իրեն Կլիչկո ներկայացնող ինքնակոչի հետ
Բեռլինի քաղաքապետ Ֆրանցիսկոս Գիֆայն ուրբաթ օրը, հունիսի 24-ին, Կիեւի հետ տեսակապի ժամանակ կասկածել է, որ ինքը խոսում է Ուկրաինայի մայրաքաղաքի իրական քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ, գրում է Deutsche Welle-ն։
«Գիֆայի զրուցակիցը նման էր Կլիչկոյին, զրույցի առաջին քառորդ ժամը ոչ մի կասկած չառաջացրեց»,- ասել է Բեռլինի Սենատի մամուլի քարտուղար Լիզա Ֆրերիքսը։
Ենթադրյալ Կլիչկոն «հետաքրքրվեց, թե ինչպես ենք մենք հաղթահարում մեծ թվով ուկրաինացի փախստականների հարցը, նրանք քանիսն են, դա միանգամայն նորմալ խոսակցություն էր, ինչպես մենք ակնկալում էինք», բայց հետո բարձրացվել են թեմաներ, որոնք Գիֆայի մոտ կասկած են առաջացրել, ասել է Ֆրերիքսը:
«Ինչ-որ պահի մեր զրուցակիցը վկայակոչեց Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկի հետ որոշակի խոսակցությունը եւ հարցրեց, թե ինչպես ենք վերաբերվում այն փաստին, որ այդքան շատ ուկրաինացիներ եւ ուկրաինուհիներ Բեռլինում փորձում են խաբեությամբ սոցիալական նպաստ ստանալ»,- շարունակել է մամուլի քարտուղարը։
«Նա նաեւ խնդրեց, որ Գերմանիայի իշխանություններն օգնեն երիտասարդներին վերադարձնել Ուկրաինա՝ նրանց ռազմաճակատ ուղարկելու համար։ Իսկ վերջին թեման արդեն լրիվ տարակուսանք առաջացրեց, նա հարցրեց՝չե՞նք կարող արդյոք մենք խորհրդատվական օգնություն ցուցաբերել Կիեւին՝ գեյ-շքերթ անցկացնելու հարցում։ Դա ավելի քան տարօրինակ թվաց՝ հաշվի առնելով, որ այժմ Ուկրաինայում պատերազմ է ընթանում»,- ասել է Լիզա Ֆրերիքսը։ Դրանից հետո տեսակապն անջատվել է։
Բեռլինի Սենատի գրասենյակը կարծում է, որ Գիֆայը թվային մանիպուլյացիայի զոհ է դարձել։ «Ըստ ամենայնի, մենք բախվել ենք դիպֆեյքի (deep fake, չափազանց իրատեսական թվային ֆեյք - խմբ.)։ Ոչ մի նշան չկար, որ դա իրական մարդ չէր: Մեր դիմաց նստած էր ինչ-որ մեկը, ով նայում եւ շարժվում էր ճիշտ այնպես, ինչպես Կլիչկոն»,- ասել է Ֆրերիքսը:
Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը հաստատել է, որ Գիֆայի զրուցակիցը Կլիչկոն չի եղել։ Բեռլինի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։
Երեւակայական Կլիչկոյի հետ նույն օրը տեսակապով խոսել է նաեւ Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան, սակայն նա գրեթե անմիջապես կասկածել է, որ ինչ-որ բան այն չէ եւ ընդհատել է զրույցը։