ԱՄՆ ֆինանսների նախարարը կայցելի Հարավային Կորեա՝ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները քննարկելու համար
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հաջորդ ամիս կայցելի Հարավային Կորեա՝ աճող ինֆլյացիայի, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների եւ Հյուսիսային Կորեայի դեմ, միջուկային ծրագրի հետ կապված, հնարավոր հետագա պատժամիջոցների շուրջ բանակցությունների համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
20 խոշորագույն տնտեսությունների խմբի ֆինանսական պաշտոնյաների հանդիպմանը մասնակցելու համար Ասիա կատարած այցի շրջանակներում Յելենը կհանդիպի Հարավային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ասել են աղբյուրները:
Մանրամասները դեռ ճշտված չեն, բայց Յելենը կարող է հանդիպել Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Պակ Չժինի եւ ֆինանսների նախարար Չո Կյոն Հոյի հետ՝ քննարկելու Հյուսիսային Կորեայի հարցը, քանի որ Խաղաղ օվկիանոսի երկու կողմերի հետախուզության ներկայացուցիչները մտահոգված են, որ նա պատրաստվում է իրականացնել հինգ տարվա ընթացքում իր առաջին միջուկային փորձարկումը։
Սեուլ կատարած այցի ընթացքում Յելենը նաեւ նախատեսում է քննարկել Ռուսաստանի դեմ ուկրաինական պատերազմի պատճառով կիրառվող լայնածավալ պատժամիջոցների արդյունավետությունը, ասել է աղբյուրներից մեկը:
Տնտեսական պայմանների քննարկումը մեծ նշանակություն կունենա, քանի որ եւ՛ Վաշինգտոնը, եւ՛ Սեուլը կփորձեն զսպել ինֆլյացիայի տեմպերը, որոնք վրդովեցնում են սպառողներին: