Եվրոպական խորհուրդը Անկարային կոչ է արել հարգել ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը
Եվրախորհուրդը խորը մտահոգություն է հայտնել Թուրքիայի վերջին գործողությունների եւ հայտարարությունների կապակցությամբ եւ կրկին հայտարարել է, որ Անկարան պետք է հարգի ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, գրում է Cyprus Mail-ը։
Միեւնույն ժամանակ, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին ուղղված նամակում հայտնել է, թե տեղեկացրել է Թուրքիայի ԱԳՆ-ին այն մասին, որ Հանրապետության կողմից առաջարկվող վստահության միջոցները կարող են ճանապարհ հարթել բանակցությունների վերսկսման համար։
Բորելը Թուրքիային կոչ է արել առաջարկվող միջոցներն ուսումնասիրել ԵՄ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները բարելավելու ավելի լայն ջանքերի շրջանակներում: Նա հաստատել է այս դիրքորոշումը՝ հայտարարելով, որ կշարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա լուծի Վարոշա քաղաքի հարցը՝ ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի բանաձեւերին համապատասխան։
Ավելի ուշ Անաստասիադիսը Twitter-ում գրել է, որ խորհրդին տեղեկացրել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքի եւ Վարոշայում շարունակվող անօրինական գործողությունների մասին: Նախագահը հավելել է, որ ինքը բարձրացրել է նաեւ Թուրքիայի՝ «հարցը երկպետության սկզբունքով լուծելու անընդունելի պնդման» հարցը։