Հրաձգություն՝ Օսլոյի գեյ-ակումբում. 2 մարդ սպանվել է, 14-ը՝ վիրավորվել
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի գիշերային ակումբում և հարակից փողոցներում հրաձգության հետևանքով շաբաթ օրը 2 մարդ է զոհվել, 14-ը՝ վիրավորվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով նորվեգական ոստիկանությանը։
Ոստիկանությունից լրագրողներին հայտնել են, որ կասկածյալը, որը միակ հանցագործն է համարվում, ձերբակալվել է:
Հանցագործության վայրը ձգվել է London Pub-ից մոտակա ակումբով մինչեւ հարեւան փողոց, որտեղ կասկածյալը ձերբակալվել է հրաձգությունը սկսելուց րոպեներ անց, Aftenposten թերթին ասել է ոստիկանության մամուլի քարտուղար Տորե Բարսթադը:
London Pub-ը հայտնի գեյ-բար եւ գիշերային ակումբ է Օսլոյի կենտրոնում:
«Ես տեսա, որ մի մարդ ներս մտավ պայուսակով, նա բարձրացրեց ատրճանակը եւ սկսեց կրակել»,- ասել է լրագրող Օլավ Ռոենեբերգը՝ հանրային NRK հեռուստաընկերությունից:
Դեռեւս հայտնի չէ, թե որն է հարձակման դրդապատճառը։
Ոստիկանության տվյալներով՝ 14 մարդ հոսպիտալացվել է, նրանցից մի քանիսը ծանր վիրավոր են։
Օսլոյի համալսարանական հիվանդանոցը հայտնել է, որ հրաձգությունից հետո այնտեղ բարձր պատրաստականության ռեժիմ է հայտարարվել: