«Ազնավուրի հայրենիքում լինելը պատասխանատու է». ZAZ-ը պատրաստ է երեւանյան համերգին
Ֆրանսիացի հայտնի երգչուհի ZAZ-ը Հայաստանում է, ու պատրաստ իր երևանյան առաջին մենահամերգին, որը տեղի է ունենալու հունիսի 25-ին, Երևանի Հրազդան մարզադաշտում։ Մինչ համերգը երգչուհին հունիսի 24-ին, հանդիպեց հայ լրագրողներին ու կիսվեց իր ապրումներով։
«Շատ ուրախ եմ լինել այստեղ, եւ հետաքրքրությամբ լի եմ, թե ինչպիսին է լինելու համերգը»,-ասաց նա` հավելելով, որ Հայաստանում լինելով մեծ ջերմություն ու պատասխանատվություն է զգում, քանի որ Ազնավուրի հողում է: Հիշելով լեգենդար շանսոնյեին` երգչուհին նշեց.
«Ազնավուրն ինձ շատ կարևոր խորհուրդներ է տվել, որոնցից էր, օրինակ, անգլերեն սովորելը, որը ես այդպես էլ չարեցի (ծիծաղում է): Ուրախ եմ, որ հիմա այստեղ եմ, ու սա ինձ համար նաեւ պատասխանտու քայլ է, քանի որ Շառլի հայրենիքում եմ: Վերջին անգամ Հայաստանում եղել եմ տարիներ առաջ` Ֆրանկոֆոնիայի շրջանակում, իսկ մեկնելիս հուզվել էի: Երեւանում շատ ժամանակ չեմ անցկացրել, բայց մարդկանց ջերմությունը միանգամից զգացել եմ»:
Անդրադառնալով երեւանյան առաջին համերգին` ZAZ-ը վստահեցրեց` լավ տրամադրությունն ապահովված է.
«Վաղն ուզում եմ կիսվել իմ էներգիայով թե երաժիշտների, թե հանդիսատեսի հետ: Ուզում եմ փոխանցել մեծ տոն, որպեսզի համերգի վերջում բոլորը լցված լինեն դրական լիցքերով»:
Վաղը բեմում երգչուհուն կնվագակցի նաեւ դուդուկահար Կամո Սեյրանյանը. դուդուկով հանդես գալը հենց ZAZ-ի ցանկությունն է, երգչուհին հայկական դուդուկի սիրահար է, ասում է` շատ է սիրում լսել Լևոն Մինասյանին:
Համերգի բացումը կտան «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինն ու հայ երաժիշտ Պարգը։ ZAZ-ի երեւանյան մենահամերգը հնարավոր է դարձել «ՀԱՅԱ» փառատոնի շնորհիվ։ «ՀԱՅԱ»-ի անվանի հյուրերից է նաեւ աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ը, որի համերգը G-Unit բենդի հետ տեղի կունենա հուլիսի 1-ին, իսկ հուլիսի 9-ին Հրազդան մարզադաշտի բեմը կտրամադրվի Led Zeppelin Symphonic նախագծին: