Շատունովի ընկերը պատմել է՝ ինչ է եղել երգչի հետ մահից առաջ
Յուրի Շատունովը հուզական և ֆիզիկապես հյուծված էր երկար դատավարությունների պատճառով՝ կապված «Ласковый май» խմբի ստեղծագործությունների իրավունքների հետ, Ura.ru-ին պատմել է երգչի ընկերը` խմբի նախկին մենակատար Անդրեյ Շիշկինը։
Շատունովը մահացել է հունիսի 23-ի գիշերը, 49 տարեկանում։ Մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը։ Երգչի հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը։
Շիշկինի խոսքով՝ երգչի հետ իր վերջին զրույցում «ոչինչ չէր կանխագուշակում ողբերգության մասին»։
«Վաղը հյուրախաղից հետո ընտանիքի հետ պետք է թռչեր (Շատունովը – խմբ.) Գերմանիա, նա արդեն տոմսեր էր գնել, պարզ էր, որ շատ հոգնած էր։ Իհարկե, հավանաբար, ներսում ամեն ինչ խորացել էր»,- ասել է նա։
Նաև երաժշտի ընկերը ենթադրել է, որ Շատունովը լիովին չի ապաքինվել ձմռանը՝ համերգային շրջագայությունից հետո ունեցած «նյարդային հիվանդությունից»։
«Մարմնի ընդհանուր հյուծվածություն կար, հիվանդանոցում էր, մոտ երկուսուկես շաբաթ վերականգնողական փուլում էր, բոլոր համերգներին հոգով տրվեց … այսինքն՝ կար գերբեռնվածություն, և ինչպես միշտ է լինում՝ անքնություն»,- հավելել է Շիշկինը։
Յուրի Շատունով – խորհրդային և ռուս երգիչ, 1986-1991 թվականներին եղել է «Ласковый май» խմբի մենակատարը, նրա ամենահայտնի հիթերից են «Белые розы» և «Седая ночь»: 1992 թվականից սկսել է իր՝ մենակատարի կարիերան։ Վերջին տարիներին երաժշտին դատի էին տվել «Ласкового мая»-ի երգերի կատարման արգելքի պատճառով։ Հունիսի սկզբին Ստավրոպոլի շրջանային դատարանը չեղարկեց որոշումը, որը սահմանում էր խմբի երգերի իրավունքների փոխանցումը նրանց հեղինակ Սերգեյ Կուզնեցովից պրոդյուսեր Անդրեյ Ռազինին։