Լիլիթ Մակունցը հանդիպումներ է ունեցել կոնգրեսականներ Դինա Թայթուսի և Ջուդի Չուի հետ
Հունիսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպումներ է ունեցել կոնգրեսականներ Դինա Թայթուսի և Ջուդի Չուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:
Դեսպան Մակունցը բարձր է գնահատել Հայաստանի և ԱՄՆ օրենսդիր մարմինների միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել կոնգրեսականներին առկա փոխգործակցության հետագա խորացմանը նպաստելու համար։
Դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, մասնավորապես՝ դատական, ոստիկանության և հակակոռուպցիոն ոլորտներում և ընդգծել ԱՄՆ աջակցության կարևորությունը՝ այդ գործընթացի բարեհաջող իրականացման ուղղությամբ։
Հանդիպմանը դեսպան Մակունցը կոնգրեսականներին է փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը՝ ՀՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար։