«Ոսկե ծիրանի» Ժյուրիի կազմում է իրաքցի գրող, ակտիվիստ Միրզա Դինային
Երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տարածաշրջանային մրցութային ծրագրի ժյուրիի կազմում է իրաքցի գրող, եզդի իրավապաշտպան և ակտիվիստ Միրզա Դինային։
Կինոփառատոնի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն Միրզա Դինային իր ամբողջ կյանքը նվիրել է իրաքյան պատերազմից տուժած մարդկանց փրկելու գործին՝ տեղափոխելով կանանց եւ երեխաներին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներից:
Սադդամ Հուսեյնի իշխանությունից հետո Դինային աշխատել է որպես Իրաքի նախագահ Ջալյալ Թալաբանիի խորհրդատու և Իրաքում փոքրամասնությունների և իրավունքների հարցերով կառավարության ներկայացուցիչ:
2014 թվականի օգոստոսի 12-ին Մի-7 ուղղաթիռը, որում գտնվում էր Դինային, վթարի ենթարկվեց վերելքից մի քանի րոպե անց։ Կոտրված ոտքով և կողոսկրերով Միրզա Դինային ողջ մնաց և տեղափոխվեց Գերմանիա։
Կարճ ժամանակ անց, անվասայլակով, նա վերադարձավ Իրաք՝ այցելելու Խանքեի փրկարարական ճամբար:
2019 թ. հոկտեմբերի 19-ին Երևանում Միրզա Դինային դարձավ «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր: