Ռյազանում Իլ-76 է կործանվել. չորս մարդ զոհվել է
Ռյազանում ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել է չորս մարդ, տեղեկացրել են մարզի կառավարությունում։
«Նախնական տեղեկատվությամբ՝ Ռյազան քաղաքի Միխայլովյան խճուղու շրջանում ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել է չորս մարդ։ Եվս հինգ հոգի տարբեր աստիճանի ծանրության վերքերով տեղափոխվել է Ռյազան քաղաքի բուժհաստատություններ։ Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն»,- նշվել է հաղորդագրությունում։
Իլ-76-ն ընկել է անցած գիշեր։ Ինչպես նշել են պաշտպանության նախարարությունում, ուսումնամարզական թռիչքի ժամանակ անձնակազմը նկատել է, որ շարժիչը խափանվել է եւ որոշում է կայացրել իջեցնել ինքնաթիռը։ Կոշտ վայրէջքի հետեւանքով մեքենան մասամբ շարքից դուրս է եկել։
«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի տեղեկատվությամբ՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել բնակելի տներից ոչ հեռու, Միխայլովյան խճուղու մոտ։
ԱԻՆ-ի մարզային կենտրոնական վարչությունում չեն հաստատել որոշ Թելեգրամ-ալիքների տեղեկությունների հավաստիությունը, որոնք գրել էին, թե ինքնաթիռը թռչում էր Օրենբուրգից Բելգորոդ, իսկ Ռյազանում վայրէջք է կատարել լիցքավորվելու համար։ Վարչությունում նշել են, որ օպերատիվ տեղեկության համաձայն, որը ճշտվում է, ինքնաթիռը Օրենբուրգի մարզից չէր։