Աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ է կանխատեսվում
Ամերիկյան Citigroup ներդրումային բանկի վերլուծաբանները կանխատեսում են կատարել, որի համաձայն՝ համաշխարհային տնտեսությունում լիարժեք ճգնաժամի առաջացման հավանականությունը հավասարվում է 50 տոկոսի։ Նրանց կանխատեսումից մեջբերումներ է կատարել Bloomberg-ը։
Որպես հնարավոր ճգնաժամի գլխավոր պատճառներ հեղինակները նշել են կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականության կոշտացումն ամբողջ աշխարհում եւ ապրանքների թուլացող պահանջարկը։ Միեւնույն ժամանակ, մատակարարումների շարունակվող խափանումները խթանում են գնաճն ու դանդաղեցնում տնտեսական աճը։
«Պատմական փորձը ցույց է տալիս, որ դեզինֆլյացիան [պետության քաղաքականություն՝ ուղղված գնաճի դեմ պայքարին] հաճախ հանգեցնում է զգալի վնասների աճի իմաստով, եւ մենք տեսնում ենք, որ ռեցեսիայի հավանականությունն այժմ մոտենում է 50 տոկոսի»,- նշվել է Citigroup-ի հաշվետվությունում։
Հեղինակները նաեւ նշել են, որ տարբեր երկրների ֆինանսական իշխանությունները՝ ի դեմս կենտրոնական բանկերի, դեռեւս կարող են ուղղել իրավիճակը եւ «փափուկ վայրէջք կազմակերպել»։ Դրա համար անհրաժեշտ է ապահովել կայուն առաջարկ եւ կայուն պահանջարկ։