Որքանո՞վ են հակամարմինների հանդեպ ընկալունակ օմիկրոն շտամի նոր ենթատեսակները
Օմիկրոնի BA.4 եւ BA.5 ենթատեսակները, ըստ երեւույթին, խուսափում են ինչպես այն մարդկանց հակամարմիններին արձագանքելուց, որոնք վարակված եղել են COVID-19-ով, այնպես էլ նրանցից, ովքեր լիովին պատվաստված են եղել. այս մասին են վկայում Beth Israel Deaconess բժշկական կենտրոնի եւ Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողների տվյալները։
Նոր հետազոտության տվյալներով, որը հրապարակվել է New England Journal of Medicine ամսագրում, չեզոքացնող հակամարմինների մակարդակը, որոնք ստեղծվում են նախորդ վարակի կամ պատվաստման դեպքում, մի քանի անգամ ցածր է BA.4 եւ BA.5 ենթատեսակների դեպքում՝ օրիգինալ կորոնավիրուսի համեմատ։
«Մենք նկատել ենք պատվաստմամբ եւ վարակների հետեւանքով առաջացած չեզոքացնող հակամարմինների տիտրերի եռակի նվազում BA4-ի եւ BA5-ի դեմ՝ BA1-ի եւ BA2-ի համեմատ, որոնք արդեն զգալիորեն ցածր են, քան COVID-19-ի ելակետային տեսակների ժամանակ»,- CNN հեռուստաալիքին ասել է բժիշկ, հոդվածի հեղինակ, Beth Israel Deaconess վիրուսաբանության եւ պատվաստանյութերի կենտրոնի տնօրեն Դեն Բարուշը։
«Մեր տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ օմիկրոնի այդ նոր ենթատեսակները, հավանաբար, կկարողանան հանգեցնել վարակի բռնկումների՝ վակցինալ իմունիտետի բարձր մակարդակ, ինչպես նաեւ բնական BA1 եւ BA2 իմունիտետ ունեցողների շրջանում»,- գրել է Բարուշը։
Վերջերս հրապարակված արդյունքները համահունչ են Կոլումբիայի համալսարանի որոշ հետազոտությունների արդյունքներին։
Այդ հետազոտության հեղինակները նշել են, որ իրենց ստացած արդյունքները վկայում են երկակի վարակման ավելի բարձր հավանականության մասին այն մարդկանց համար, որոնք կորոնավիրուսի հանդեպ նախնական իմունիտետ են ունեցել։
BA.4-ը եւ BA.5-ը առաջ են բերել ԱՄՆ-ում անցած շաբաթ COVID-19-ով վարակման նոր դեպքերի 35 տոկոսը՝ մեկ շաբաթ առաջվա 29 տոկոսի համեմատ, վկայում են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների երեքշաբթի օրը ներկայացրած տվյալները։
BA.4-ը եւ BA.5-ը ամենաարագ տարածվող տեսակներն են, որոնց մասին այսօրվա դրությամբ տեղեկացվում է, եւ սպասվում է, որ դրանք հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում գերիշխելու են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Եվրոպայի մնացյալ մասում COVID-19-ի փոխանցման ժամանակ։