Կրիաների շատ տեսակներ գտել են ծերության պրոցեսը դանդաղեցնելու կամ կանգնեցնելու միջոցը. հետազոտություն
Կրիաների շատ տեսակներ գտել են ծերության պրոցեսը դանդաղեցնելու կամ կանգնեցնելու միջոցը։ Այս մասին վկայում է նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։
Չնայած բոլոր կենդանի օրգանիզմները ծերանում եւ մահանում են, բայց բոլոր էակները չէ, որ հետեւում են ծերանալու եւ մահանալու նույն սխեմային, նշել են փորձագետները։
Նրանք նաեւ հայտնաբերել են, որ պաշտպանական հատկությունները, ինչպիսին է կրիաների բազմաթիվ տեսակների ամուր զրահը, նպաստում են ավելի դանդաղ ծերացմանը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ այն բանին, ինչն անվանվում է աննշան ծերացում կամ կենսաբանական ծերացման բացակայություն։
Հետազոտողներն առաջին անգամ գրանցել են, որ կրիաները, կոկորդիլոսները եւ սալամանդրերն ունեն ծերանալու ցածր տեմպեր եւ իրենց չափերի համար՝ երկարակեցություն։
Օրինակ, սեյշելյան վիթխարի Ջոնաթան կրիան, որը 190 տարեկան է, համարվում է ամենածեր ցամաքային կենդանին աշխարհում։
«Այդ պաշտպանական մեխանիզմները կարող են պակասեցնել կենդանիների մահացության մակարդակը, քանի որ այլ կենդանիներ նրանց ուտել չեն կարող։ Այսպիսով, նրանց ավելի երկար ապրելու հավանականությունը մեծ է, իսկ դա ստիպում է դանդաղ ծերանալ։ Սա մեկ անգամ եւս ապացուցում է, որ կրիաները յուրատեսակ են»,- նշել է հետազոտության հեղինակ, Իլինոյսի Հյուսիսարեւելյան համալսարանի կենսաբանության ամբիոնի դոցենտ Բեթ Ռեյնկեն։
Սակայն, հետազոտողների խոսքով, փաստը, որ որոշ կենդանիներ գրեթե չեն ծերանում, չի նշանակում, թե նրանք անմահ են։
Նրանք բոլորն ի վերջո մահանում են այնպիսի անխուսափելի պատճառներից, ինչպիսին են հիվանդությունները։