Եթե ամբողջական ձայնագրությունը Վարդազարյանը ներկայացնի` դա նրա համար լուրջ հետևանքներ կարող է ունենալ. Ջհանգիրյան
Եթե ամբողջական ձայնագրությունը ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացնի, ապա դա նրա համար լուրջ հետևանքներ կարող է ունենալ։ Այս մասին հունիսի 23-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով օրեր առաջ հրապարակված աղմկահարույց ձայնագրությանը:
Նրա խոսքով՝ այն, ինչ իրեն է վերաբերվում Վարդազարյանը ծաղկաքաղ է արել ու ներկայացրել:
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը ներողություն խնդրեց ձայնագրության մեջ առկա հայհոյանքների համար:
«Ես ուզում էի հայցել մեր մայրերի, քույրերի, կանանց, աղջիկների ներողամտությունը, որ հակառակ իմ կամքի, այլ լսարանում, փակ միջավայրում, տղամարդկանց շրջապատում որոշ անվայելուչ արտահայտությունների համար. իմ վրիպման արդյունքում հանրայնացվեցին, ես զղջում եմ։ Այդ արտահայտություններն իրենց լսարանի համար չէին նախատեսված։ Դա տղամարդկային նեղ շրջանակում ընթացող քննարկման արդյունքում, մտերմիկ զրույցի տիրույթում արտաբերած բառեր էին»,- ասաց նա։
Ջհանգիրյանի խոսքով՝ այդ օրը իրենց հանդիպումը տևել է մոտ 2 ժամ:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք չի պատրաստվում հրաժարական տալ, Ջհանգիրյանն ասաց.«Ես իմ կյանքում 3 անգամ եմ հրաժարական տվել իմ զբաղեցրած պաշտոններից. 1997 թվականին արդարադատության առաջին տեղակալն էի և հրաժարական տվեցի, մյուսը՝ 2000 թվականին եղել եմ զինվորական դատախազ և դատախազական հսկողություն եմ իրականացրել հոկտեմբերի 27-ի հանցագործությունը քննող քննչական խմբի նկատմամբ և հրաժարական եմ ներկայացրել երկրորդ նախագահին, որը չի ընդունվել, երրորդը՝ 2008 թվականին իմ աշխատասենյակից ուղղակի եկել եմ հրապարակ, միացել համաժողովրդական շարժմանը, հասկանալով, որ հաջորդ օրը պետք է ազատվեի զբաղեցրածս պաշտոնից։ Այսինքն որևէ քաղաքական ուժի, դաշինքի պարտադրանքի արդյունքում երբեք հրաժարական չեմ տվել»,- ասաց նա։